Հանրային տրանսպորտից օգտվելը դարձել է իրական պատուհաս շարքային քաղաքացիների համար։ 2025-ի առաջին ամսին քաղաքացիներին դեռևս 100 դրամով տրանսպորտից օգտվելու հնարավորությունը որպես լավություն «ծախած» քաղաքապետարանը հերթական անհարմարությունն է ստեղծել․ հերիք չէ, որ քաղաքացիները ստիպված են ձեռք բերել QR կոդ, մի բան էլ նոր-նոր տեղեկանում են՝ այդ QR կոդերը վավերական են առավելագույնը 4 օր։

«Մայրս ծերացած կին է, սմարթֆոն չունի, Telcell-ի ապարատից օգտվել էլ չգիտի, շաբաթվա կտրվածքով իր համար մենք ենք տոմս վերցրել (երեկ մեկ շաբաթվա համար 14 տոմս ենք ձեռք բերել), ու նոր-նոր տեսնում ենք, որ ընդամենը չորս օր են վավերական այդ տոմսերը։ Էս ի՞նչ աբսուրդ է, ինչո՞ւ հանրային իրազեկում չի եղել, որ այդ տոմսերը չորս օր են վավերական, եթե մինչ այս մեկ շաբաթ հնարավոր է եղել օգտվել դրանցից»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։

Հանրային իրազեկում, այո՛, չի եղել, բայց, պարզվում է՝ ավագանու որոշում կա այդ մասին։

Երևանի քաղաքապետարանի կայքի «ավագանու որոշումներ» բաժնում նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին հրապարակվել է դեկտեմբերի 24-ի N 261-Ն որոշումը։

«Որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետից հետո լրացնել նոր 12.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ. «12.1) «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 100 դրամ»,- նշված է ավագանու որոշման մեջ։

Փաստորեն, քաղաքացիները պետք է ավագանու որոշումներին ծանոթանան նոր տնից դուրս գան ու օգտվեն հանրային տրանսպորտից, հակառակ դեպքում՝ տուժողի դիրքից են հանդես գալու։