Այսօր՝ հունվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Սարգսյանը իր վարած «Jeep Compass Latitude» մակնիշի ավտոմեքենայով Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհին հայտվել է մերկասառույցի վրա, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ բախվելով գազատարին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Հարվածի հետևանքով սկսվել է գազի արտահոսք:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ավտոմեքենայի անվադողերն էլ եղել են ձմեռային:
Իսկ վարորդը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող Շողակն գյուղում տեղի էր ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի ծննդյան 40-ամյակին նվիրված միջոցառում։