Անցնող տարվա ընթացքում MediaHub-ն անդրադարձավ բանկային ոլորտին և նրանց վարած քաղաքականությանը, թե ինչպես են բանկերը իրենց հաճախորդների համար անհասկանալի պատճառներով բարձրացնում հիփոթեքային վարկի լողացող տոկոսադրույքները։ Հատկապես դժգոհություն կար «Ամերիաբանկի» հաճախորդներից,  որ տարվա վերջին բանկն անհիմն բարձրացրել է իր տրամադրած հիփոթեքային վարկի տոկոսադրույքը և դրա վերաբերյալ որևէ հոդաբաշխ բացատրություն չի տվել, թե որն է տոկոսադրույքի՝ միանգամից 2 տոկոսային կետով բարձրացման պատճառը։ Եւ սա այն դեպքում, երբ երկրում որևէ ֆինանսատնտեսական ճգնաժամ չկա, Կենտրոնական բանկն էլ տարվա ընթացքում պարբերաբար նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը կարող է խթան հանդիսանալ առևտրային բանկերի համար, որ նրանք բարձրացնելու փոխարեն մի բան էլ իջեցնեն իրենց տոկոսադրույքները։ 

Եվ որպեսզի միայն «Ամերիաբանկով» չսահմանափակվենք, MediaHub-ը որոշեց Հայաստանում գործող մի շարք խոշորն ու հայտնի առևտրային բանկերին հարցում ուղարկել՝ ճշտելու, թե կա՞ն այնպիսի ռիսկեր, որոնք նույնիսկ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ շարունակական նվազեցման պարագայում ստիպում են բանկերին ի վնաս հաճախորդների փոփոխել իրենց տրամադրված հիփոթեքային վարկի լողացող տոկոսադրույքները։

Նաև հստակ հարցադրում էինք  արել՝ վերջին հինգ տարվա կտրվածքով քանի՞ դեպք է եղել, երբ բարձրացնելու փոխարեն հօգուտ հաճախորդի նվազեցրել են իրենց կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի լողացող տոկոսադրույքը։ 

Առաջինը հենց «Ամերիաբանկը» պատասխանեց՝ նշելով, թե Բանկի կողմից «առանց բավարար հիմնավորման» գործողություններ, այդ թվում՝ վարկավորման տոկոսադրույքի վերանայումներ չեն իրականացնում։ Բայց չեն նշել, թե այս պահի դրությամբ ի՞նչ գործոններ են ազդել տոկոսադրույքի վերանայման վրա։ Միակ «հիմնավորումը», որ բերել է «Ամերիաբանկը», հետևյալն է․ 

«Խնդրում ենք նկատի ունենալ, որ Բանկի կողմից առաջարկվող ՀՀ դրամով հիփոթեքային վարկավորման պարագայում ճշգրտվող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը պայմանավորված է ոչ թե ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքով, այլ ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի՝ մինչև մարում եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության եկամտաբերությամբ»։

Ընդ որում, «Ամերիաբանկը» փորձել է նաև որպես լավություն ծախել իր հաճախորդների վրա՝ հայտնելով, թե «Բանկը, ելնելով հաճախորդների շահերից», գործող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները բարձրացրել է ավելի քիչ, քան սահմանված է վարկառուների և Բանկի միջև կնքվող վարկավորման պայմանագրերով։ Բայց չի նշել գեթ մեկ օրինակ, թե վերջին հինգ տարվա կտրվածքով քանի՞ դեպք է եղել, երբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն բարձրացնելու փոխարեն հօգուտ հաճախորդի նվազեցրել է իր կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները, քանի որ այդպիսի դեպք, ինչպես հասկացանք, չի եղել։

Մյուս բանկերի պատասխաններում ևս կարմիր թելով անցնում էր այն թեզը, որ լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կապված չէ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության հետ։ Բայց եղան բանկեր, որոնք նշեցին, որ իրենք ոչ միայն չեն բարձրացրել այս տարիներին, այլև նվազեցրել են իրենց վարկառուներին հիփոթեքային տոկոսադրույքները։ 

Նախապես նշենք, որ գրեթե բոլոր բանկերից մենք ստացել ենք համապարփակ և սպառիչ պատասխաններ, մեկից՝ մի քիչ ծավալուն և բարդ ձևակերպումներով, մյուսից՝ շատ ավելի հակիրճ և հստակ, բայց զգացվում է, որ այդ բանկերի մարկեթինգային թիմերը չեն զլացել, և սպառիչ պատասխաններ են կազմել և ուղարկել մեզ։ Սա, թերևս, կարող ենք մամուլի հանդեպ հարգանքի և պատասխանատվության նշան համարել, ինչը չենք կարող ասել «Հայէկոնոմբանկի»  մասին, որը բովանդակային որևէ պատասխան չի ուղարկել մեզ՝ նշելով․ 

«Բանկի կողմից վարկառուներին տրամադրված վարկերի տոկոսադրույքների փոփոխությունների դեպքերի, դրանց քանակի կամ դրանց հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ տեղեկատվությունը Բանկի առևտրային գաղտնիք կազմող տեղեկատվություն է, որը Բանկն իրավասու չէ տրամադրել Ձեզ»։

Ստացվում է՝ մյուս բանկերի համար դա գաղտնիք չէ, և միայն ՔՊ-ական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ու նրա ընտանիքին պատկանող բանկի համար է տոկոսադրույքի փոփոխությանը վերաբերող հարցը համարվում առևտրային գաղտնիք։ Կամ էլ՝ մյուս բանկերը առևտրային գաղտնիք են բացահայտել՝ խախտելով օրենքը, և միայն Սուքիասյանների բանկն է իրեն խիստ «օրինապաշտ» պահել։ ՔՊ-ական պատգամավորին պատկանող բանկից այլ՝ ավելի խելամիտ պատասխան թերևս ոչ էլ կարելի էր սպասել։

Անցնենք առաջ․ «Արարատբանկից», օրինակ, հայտնել են, որ Բանկը վերջին մեկ տարվա ընթացքում վարկային պրոդուկտների տոկոսներ չի բարձրացրել։ Լողացող տոկոսադրույքով տասնյակ հաճախորդների տոկոսադրույքներ վերանայվել են հօգուտ հաճախորդների, սակայն օրինակներ չեն կարող նշել, որովհետև հակասում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։

«Արդշինբանկից» բավականին ծավալուն վերլուծություն են ներկայացրել՝ նախ նշելով, որ Բանկի լողացող տոկոսադրույքը բաղկացած է հաստատուն և փոփոխուն բաղադրիչներից, ապա բացատրել, թե ինչ հաշվարկներ են ընկած այդ փոփոխուն բաղադրիչ, այն է՝ Հաշվարկային դրույթի (ՀԴ) հիմքում, և որ ՀԴ հաշվարկման հիմք է հանդիսանում 1 տարի ժամկետայնությամբ ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունը, ապա երկար-բարակ վերլուծություն արել, թե որ փոփոխության դեպքում ինչ հաշվարկներ են կատարվում այդ բաղադրիչներում, և վերջում մի այսպիսի պատասխան տվել մեր հարցին․ «2021-2024թթ ընթացքում 1 տարի ժամկետայնությամբ ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության ցուցանիշը 6%-ից բարձրացել է 11.5%, ինչը պետք է հանգեցներ, որ Բանկը սահմաներ Հաշվարկային դրույքը 11.5%` բարձրացնելով վարկերի տոկոսադրույքները 2-5.5 տոկոսային կետով,  այնուհետև նվազել է մինչև 10%: Սակայն Բանկը, բարձր գնահատելով իր Հաճախորդների վստահությունն ու շահերը,  չի օգտվել տոկոսադրույքի բարձրացման իր իրավունքից՝ այն էականորեն ցածր (9.5%) պահելով Հաճախորդների հետ կնքված պայմանագրով սահմանված տոկոսադրույքի վերանայման առավելագույն շեմից: Ավելացնենք նաև, որ Ձեր նշած ժամանակահատվածում 1 տարի ժամկետայնությամբ ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության ցուցանիշը դեռևս չի նվազել այն չափով, որպեսզի Բանկը իր հերթին նվազեցներ Լողացող տոկոսադրույքը»։

Կարճ ասած՝ «Արդշինբանկը» չի նվազեցրել, բայց չի էլ բարձրացրել իր լողացող տոկոսադրույքը։

IDBank-ը ևս, «Ամերիաբանկի» նման, նշել է, որ Բանկի կողմից սահմանվող լողացող տոկոսադրույքը կապված չէ ՀՀ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ, ապա ավելացրել, որ վերջին 5 տարիների ընթացքում IDBank-ը միայն մեկ անգամ՝ 2020 թվականին է իջեցրել դոլարային վարկերի տոկոսադրույքը 0,8%-ով։ 

«Դրանից հետո Բանկը ոչ նվազեցրել, ոչ էլ բարձրացրել է տոկոսադրույքները՝ լողացող կոմպոնենտի հետ կապված։ Այս տարի ևս բարձրացման ռիսկ առկա չէ»,- ասված է Բանկի պատասխանում։

«Ակբա բանկից» ևս նշել են, որ հիփոթեքային վարկի լողացող տոկոսադրույքը ձևավորվում է հաստատուն և փոփոխություն բաղադրիչների հանրագումարով ու նորից բավականին ծավալուն կերպով ներկայացրել, թե որը ինչ է նշանակում, նաև ընդգծել են, որ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը ուղիղ կերպով չի ազդում իրենց կողմից տրամադրվող հիփոթեքային վարկի լողացող տոկոսադրույքի փոփոխության վրա։ Վերջում ավելացրել են, որ 2024 թ․ ապրիլ ամսին «Ակբա բանկ» ԲԲԸ կողմից նվազեցվել է իրենց կողմից տրամադրվող հիփոթեքային վարկի ինչպես անվանական տոկոսադրույքը, այնպես էլ հաստատուն բաղադրիչը, ընդ որում, հօգուտ հաճախորդների վերանայվել են նաև նախկինում տրամադրված վարկերի հաստատուն բաղադրիչները։ 

«2022-2023 թթ․ հաշվի առնելով 6 ամիս ժամկետայնությամբ պետական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության ցուցանիշի աճը, Բանկի կողմից յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ մոտ 160-200 վարկի գծով որոշում է կայացվել չբարձրացնել վարկի տոկոսադրույքը պայմանագրով սահմանված չափով, այլ տոկոսադրույքի փոփոխությունը կատարել հնարավոր նվազագույն շեմի սահմաններում»,- հավելել են Ակբա բանկից։ 

Մենք հարցում էինք ուղարկել նաև «Ինեկոբանկին», «ԱՄԻՕ» բանկին և «Կոնվերս բանկին», որտեղից, սակայն, պատասխան չենք ստացել։

Այս թեմայով MediaHub-ը դիմել էր նաև Կնետրոնական բանկին՝ հասկանալու, թե ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ ունի ԿԲ-ն այս հարցում։  ԿԲ-ի պատասխանում նշված է, որ այսօրինակ իրավահարաբերությունները, այդ թվում՝ պատասխանատվության միջոցները կարգավորվում են «Բնակարանային հիփոթեկային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով, իսկ տոկոսադրույքների հաշվարկման և հետագա ճշգրտման (բարձրացման կամ նվազեցման) հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշների ընտրության չափանիշները սահմանված են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 23.01.2019թ.-ի թիվ 1-Ն որոշմամբ։

«Ընդ որում՝ ՀՀ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը նշված որոշմամբ սահմանված չափանիշներին չի համապատասխանում և չի կարող դրվել լողացող և հաստատուն (ճշգրտվող) տոկոսադրույքների հաշվարկման և/կամ հետագա ճշգրտման հիմքում»,- ասել են Կենտրոնական բանկից՝ հավելելով, որ վարկատու կազմակերպությունների՝ Օրենքով և կրեդիտավորման պայմանագրերով նախատեսված իրավունքների իրացման որոշումները վերջիններիս կողմից սահմանվում են ինքնուրույն: