Գիտնականները պարզել են, որ առավոտյան մեկ բաժակ սուրճը կամ ցերեկային թեյն ի վիճակի են պաշտպանել ձեզ քաղցկեղից:

Ըստ Cancer հանդեսում հրապարակված հետազոտության, թեյ և սուրճ խմողներն առավել պաշտպանված են բերանի խոռոչի, կոկորդի, գլխի և պարանոցի քաղցկեղի զարգացումից:

«Նույնիսկ առանց կոֆեինի սուրճը որոշակի դրական ազդեցություն ունեցավ»,- հանդեսի նորությունների հաղորդագրության մեջ հայտարարել է Յուտայի ​​համալսարանին առընթեր բժշկական դպրոցի համաճարակաբան, Յուան-Չինի ավագ հետազոտող Էմի Լին:

Գլխի և պարանոցի քաղցկեղն աշխարհում յոթերորդ ամենատարածված քաղցկեղն է. միայն 2020 թվականին գրանցվել է նման քաղցկեղով հիվանդացության մոտ 745 հազար նոր դեպք, հիվանդությունը 364 հազար մարդու կյանք է խլել, ասվում է հետազոտողների տեղեկատվական հաղորդագրության մեջ:

Հետազոտությունն իրականացնելու համար գիտնականները միավորել են 14 նախորդ ուսումնասիրությունների տվյալները, որոնցում մասնակցել են գլխի և պարանոցի քաղցկեղով հիվանդ ավելի քան 9500 և մոտ 16 հազար առողջ մարդիկ:

Նրանք պարզել են, որ օրական չորս բաժակից ավելի սուրճ խմող մարդիկ սուրճ չխմողների համեմատ 17%-ով քիչ են ենթակա պարանոցի քաղցկեղի առաջացման ռիսկին, 22%-ով քիչ են ենթակա կոկորդի քաղցկեղի առաջացման ռիսկին, միաժամանակ 30%-ով քիչ են ենթակա բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման ռիսկին:

Գիտնականները միաժամանակ պարզել են, որ օրական երեքից չորս բաժակ սուրճ խմելը 41%-ով նվազեցնում է կոկորդի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Թեյ խմելը 29%-ով նվազեցնում է այս տեսակի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Եվ, ըստ երևույթին, կոֆեինը ռիսկը նվազեցնող միակ գործոնը չէ. առանց կոֆեինի սուրճը 25%-ով նվազեցնում է բերանի խոռոչի քաղցկեղի ռիսկը: Գիտնականները պարզել են, որ օրական մեկ բաժակ թեյ խմելն ընդհանուր առմամբ 9%-ով նվազեցնում է գլխի և պարանոցի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սակայն օրական 1 բաժակից ավելի թեյ խմելը 38%-ով մեծացնում է կոկորդի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Այս ռիսկի բարձրացումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ թեյը խթանում է թթվային ռեֆլյուքսը նրանց շրջանում, ովքեր օգտագործում են այն: Ապացուցված է, որ ռեֆլյուքսը կապված է կոկորդի քաղցկեղի բարձր ռիսկի հետ: