Կան իրավիճակներ և հիվանդություններ, որոնք ընդմիշտ փոխում են մեր կյանքը: Այն բաժանում են  «մինչև» և «հետո»-ի: Դեռ երեկ մենք նախագծում և պատկերացնում էինք այլ կյանք, իսկ ախտորոշման հաստատումից հետո պետք է հարմարվենք նոր իրականությանը: Դա բարդ է և վախեցնող, անարդար և ցավոտ: «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ գրեթե բոլոր պացիենտներին տանջում է մի հարց. «ինչու՞ ես, ինչու՞ բոլորն առողջ են, իսկ ես՝ ոչ»: Բայց այս հարցին ոչ մի պատասխան չկա: Գիտնականները չեն կարողացել հասկանալ, թե ինչու է զարգանում այս հիվանդությունը: Այնուամենայնիվ, կան դեղեր և մեթոդներ, որոնք կարող են էականորոն դանդաղեցնել հիվանդության զարգացումը, տևականորեն ապահովել լիարժեք կյանք:

Իսկ ի՞նչ է ցրված սկլերոզը

Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղի և ողնուղեղի) ամենատարածված հիվանդություններից մեկն է:

Կենտրոնական նյարդային համակարգի բջիջները ծածկված են ճարպային սպիտակուցի պաշտպանիչ շերտով, որը կոչվում է միելինային թաղանթ: Միելինը թույլ է տալիս նյարդին արագ փոխանցել ազդակներ: Այն արագությունը և արդյունավետությունը, որով այդ ազդակները փոխանցվում են, թույլ են տալիս փոքր գիտակցված ջանքերով կատարել սահուն, արագ և համակարգված շարժումներ:

Ցրված սկլերոզն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգի աշխատանքը խանգարվում է և վարակի կամ վիրուսի դեմ հարձակման փոխարեն իմունային համակարգը հարձակվում է սեփական նյարդային բջիջների վրա՝ վնասելով այս պաշտպանիչ շերտը: Այս գործընթացը կոչվում է դեմիելինիզացիա: Ցրված սկլերոզի դեպքում միելինի կորուստը (դեմիելինիզացիան) ուղեկցվում է նյարդերի՝ դեպի ուղեղ և ուղեղից դուրս էլեկտրական ազդակներ անցկացնելու ունակության խանգարմամբ:

 

Սա առաջացնում է ցրված սկլերոզի տարբեր ախտանշանները: Այն հատվածները, որտեղ միելինը վնասվել է (վահանիկ կամ վնասումներ), նման են կարծրացած հատվածների (սպի). ցրված սկլերոզի ժամանակ այդ սպիացումները հայտնվում են տարբեր ժամանակահատվածներում և գլխուղեղի ու ողնուղեղի տարբեր հատվածներում: «Ցրված սկլերոզ» տերմինը նշանակում է «բազմաթիվ սպիներ»:

Ցրված սկլերոզի զարգացումը պայմանավորված է գենետիկական հիմքի և արտաքին միջավայրի պայմանների փոխազդեցությամբ։

Արդյո՞ք սկլերոզը հիշողության կորուստ է

«Սկլերոզ» բառը հունարենից թարգմանվում է  որպես հյուսվածքի սպիացում, որը կարող է տեղի ունենալ  յուրաքանչյուր հյուսվածքում։ Կախված նրանից, թե որ օրգանում է այդ սպիացումը տեղի ունեցել, հենց այդ վնասված օրգանի ֆունկցիան էլ խանգարվում է։ Ցրված սկլերոզի դեպքում վերը նկարագրված դեմիելինիզացիան ավարտվում է սպիացման օջախների առաջացումով, որն էլ ընդհատում, դժվարացնում  կամ խախտում է նյարդային ազդակների հաղորդումը նյարդաթելերով։ 

«Սկլերոզ» բառը ասոցացվում է հիշողության կորստի հետ, քանի որ տարեց մարդկանց մոտ գլխուղեղը սնուցող անոթներում առաջանում են նման սպիական փոփոխություններ, որը կոչվում է աթերոսկլերոզ և այն կարող է ուղեկցվել հիշողության խանգարումներով։

Ի՞նչ հաճախականությամբ է հանդիպում Ցրված սկլերոզը

Ցրված սկլերոզով աշխարհում ապրում է մոտ 2,5 մլն մարդ: ԱՄՆ–ում ամեն շաբաթ ախտորոշվում է այդ հիվանդության 200 նոր դեպք։ Ցրված սկլերոզի հանդիպման հաճախականությունը խիստ տարբեր է տարբեր երկրներում, այն ամենաբարձրն է Շոտլանդիայի հյուսիսում տեղակայված կղզիներում, ԱՄՆ և Կանադայի հյուսիսային շրջաններում և կազմում է 250 դեպք 100 000 բնակչության հաշվարկով։ Դրան ի հակառակ, Ցրված սկլերոզի հանդիպման հաճախականությունը ցածր է Ճապոնիայում (2։ 100 000)։ Հաճախակի հանդիպելով հյուսիսային երկրներում՝ Ցրված սկլերոզի հաճախականությունը աստիճանաբար նվազում է հասարակածին մոտենալուն զուգահեռ: Հյուսիսային երկրներում հիվանդության հանդիպման հաճախականությունը մոտավորապես հինգ անգամ ավելին է:

Հայաստանում Ցրված սկլերոզի հանդիպման հաճախականության վերաբերյալ հստակ տվյալները բացակայում են։ Սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նկատվում է Ցրված սկլերոզի հանդիպման հաճախականության աճ, որը կարող է բացատրվել հետազոտման նոր տեխնիկաների ներդրմամբ և համեմատական մատչելիությամբ։

Հայաստանում յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով հանդիպում է Ցրված սկլերոզի մինչև 30 դեպք։

Ինչպե՞ս է դրսեւորվում Ցրված սկլերոզը

Առաջին նշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ արդեն ախտահարված են նյարդաթելերի մոտավորապես 50%-ը: Հիվանդության այս փուլում հիվանդների մոտ կարող են առաջանալ հետևյալ գանգատները.

  • տեսողության մեկ- կամ երկկողմանի խանգարում,
  • ցավ աչքերում և երկակի տեսողություն,
  • մատների թմրածության և ծակծկոցի զգացողություն,
  • մաշկի զգայունության իջեցում,
  • մկանային թուլություն,
  • շարժումների կոորդինացիայի խանգարում:

Ժամանակի ընթացքում կարծրացած (սկլերոտիկ) վահանիկների քանակի շատացման արդյունքում ի հայտ են գալիս հիվանդության այլ ախտանիշներ.

  • մկանների սպազմ և ցավային զգացողություններ,
  • միզակապություն և փորկապություն, ժամանակի ընթացքում հիվանդը կարող է կորցնել միզապարկի և աղիների գործունեության ղեկավարման ունակությունը,
  • խանգարումներ սեռական ոլորտում,
  • ախտաբանական բրգային ռեֆլեքսների առաջացում, որոնք բացակայում են առողջ մարդկանց մոտ: Այն կարող է հայտնաբերել միայն բժիշկ-նյարդաբանը,
  • ֆիզիկական գործողություններ կատարելիս՝ արտահայտված հոգնածություն,
  • վերջույթների մասնակի կաթված, ինքնակամ շարժումների դժվարացում,
  • գանգուղեղային նյարդերի կաթված. ակնաշարժ, եռորյակ, դիմային, ենթալեզվային,
  • ակնգնդերի ռիթմիկ տատանողական շարժումներ,
  • վարքի խանգարում և ինտելեկտի իջեցում,
  • նևրոզներ, հուզական անկայունություն, դեպրեսիայի և էյֆորիայի հերթագայում:

Որո՞նք են Ցրված սկլերոզի հետեւանքները

Ընդհանուր առմամբ Ցրված սկլերոզը ժամանակի ընթացքում բերում է հաշմանդամության առաջացման:

  1. Հաշմանդամությունը կարող է զարգանալ հիվանդության ախտանշանների դրսևորումից կարճ ժամանակ անց, եթե պացիենտը բուժում չի ստանում կամ ստանում է ոչ ճշգրիտ բուժում:
  2. Հիվանդության սկզբից 2 տարվա ընթացքում հիվանդների 30%-ի մոտ դիտվում է հաշմանդամություն:
  3. Հիվանդության առաջին 5 տարիների ընթացքում պացիենտների 42,6%- ը կորցնում են աշխատունակությունը, իսկ 10 տարի անց անաշխատունակ է պացիենտների 71,8%-ը:     Ցրված սկլերոզը փորձություն է ոչ միայն պացիենտի, այլ նաև նրա ընտանիքի անդամների համար: Մեր հասարակությունում հարյուրավոր մարդիկ ապրում են այդ հիվանդության հետ: Ախտորոշման հաստատումից հետո այդ նոր ու բարդ վիճակը պետք է ընդունել և սովորել ապրել դրա հետ: Այսօր իրավիճակը խիստ փոխվել է: Վաղաժամ և ճշգրիտ բուժումը հետաձգում է հաշմանդամության զարգացումը անգամ ցրված սկլերոզի ծանր դեպքերում: Եվ Ցրված սկլերոզ ունեցող անհատը կարող է հասնել շատ բաների, ուրախանալ, սիրահարվել, ընկերություն անել, աշխատել, լինել երջանիկ և ապրել լիարժեք կյանքով: