Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի և Գյոթեբորգի համալսարանի գիտնականները պարզել են, որ ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդությունը (NAFLD) ի վիճակի է շաքարախտ առաջացնել, ինչպես նաև վնասել սիրտն ու երիկամները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine բժշկագիտական հանդեսում:

NAFLD-ը հիվանդություն է, որի դեպքում ճարպը կուտակվում է լյարդի բջիջներում, ինչը կարող է լուրջ բարդությունների,  մասնավորապես՝ լյարդի ցիռոզի կամ քաղցկեղի հանգեցնել: Հիվանդությունը հաճախ աննկատ է անցնում, քանի որ վաղ փուլերում այն ​​շոշափելի ախտանիշներ չի դրսևորում: Չափահաս բնակչության շրջանում հիվանդություն տարածվածությունը հասնում է 25%-ի: Ռիսկի հիմնական գործոններն են ճարպակալումը, ավելորդ քաշը և նյութափոխանակության խանգարումները։

Բրիտանական կենսաբանկի տվյալների վրա հիմնված նոր հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 36 հազար մարդ, բացահայտել է տարբեր բնութագրերով NAFLD-ի երկու տեսակ: Առաջին տեսակը հիմնականում ազդում է հենց լյարդի վրա, բայց անսպասելիորեն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Երկրորդ տեսակն ավելի ագրեսիվ է՝ ազդում է ոչ միայն լյարդի, այլև երիկամների վրա, ինչպես նաև անդրադառնում է նյութափոխանակության վրա՝ մեծացնելով շաքարախտի առաջացման վտանգը։

Բացի դրանից, գիտնականները NAFLD-ի զարգացման գործում դեր խաղացող 27 նոր գեն են հայտնաբերել: Այս տվյալները հնարավորություն են ընձեռել հիվանդության յուրաքանչյուր տեսակի համար երկու հատուկ ռիսկի միավոր մշակել, ինչը բժիշկներին կօգնի առավել ճշգրիտ գնահատել կանխատեսումը և ընտրել լավագույն բուժումը՝ կախված հիվանդի բնութագրերից:

Գիտնականների կարծիքով՝ իրենց հայտնագործությունը կարող է փոխել NAFLD-ի մասին պատկերացումները, որը նախկինում ընդհանուր հիվանդություն էր համարվում: Ներկայում բժիշկները կկարողանան բուժման մեջ առավել անհատական ​​մոտեցում կիրառել՝ առաջին տեսակի դեպքում՝ շեշտը դնելով սննդակարգի և քաշի կորստի վրա, երկրորդի դեպքում՝ համալիր թերապիա անցկացնել՝ հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունները, մասնավորապես՝ շաքարախտը կամ սրտի անբավարարությունը: