Անանասն ամբողջ աշխարհում լայն տարածում է ստացել ոչ միայն անկրկնելի համային որակների, այլև օգտակար հատկությունների համար։ Այն հարուստ է РР, К, Е, А, С, ինչպես նաև В խմբի վիտամիններով, նաև միկրոտարրերով՝ կալիում, մագնեզիում, ցինկ, պղինձ, սելեն, յոդ, կալցիում։
Բացի այդ, այն պարունակում է արժեքավոր բջջանյութեր, պեկտիններ (շաքարանյութ) և հակաօքսիդանտներ, բիոֆլավանոիդներ և բուսական ֆերմենտներ։
Սակայն անանասի բաղադրության մեջ ամենաարժեքավորը համարվում է բրոմելայնը․ այս ֆերմենտը նպաստում է սպիտակուցի քայքայմանը։ Ի դեպ, անանասից բացի միայն պապայան և կիվին կարող են հպատանալ իրենց բաղադրության մեջ բրոմելայնի առկայությամբ։ Այս տարրը կա անանասի բոլոր մասերում, բայց ամենաշատը՝ պինդ միջուկային մասում, թեև շատերն այն չեն սիրում։
Բրոմելայնը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր ստամոքսի ցածր թթվայնությամբ, մարսողության խանգարմամբ են տառապում։ Բացի այդ, այն իմունախթանիչ և հակաբորբոքային ազդեցություն ունի։
Մի քանի տարի առաջ բրոմելայն պարունակող դեղամիջոցներն ակտիվորեն տարածվում էին որպես ճարպն այրող, նիհարեցնող միջոցներ, բայց սննդաբանները զգուշացնում են, որ անանասը կարող է օգնել քաշի նվազմանը միայն հավասարակշռված սննդակարգի դեպքում՝ կալորիաների ոչ մեծ պակասուրդով և բավարար ֆիզիկական ակտիվությամբ։
Այնուամենայնիվ, անանասն իզուր չեն ներառում զանազան սննդակարգերում։ Այն պարունակում է վիտամին В1, որը պատասխանատու է ածխաջրերի փոխանակության համար և, համապատասխանաբար, օգնում է ավելի արագ ազատվել ավելորդ քաշից։ Միաժամանակ, անանասը գրեթե յուղեր չի պարունակում, իսկ կալորիականությունն ընդամենը 48 կկալ է 100 գրամում։
Բացի այդ, այս միրգը ցածր գլիկեմիկ ինդեքս ունի, այսինքն՝ արյան մեջ շաքարի և ինսուլինի կտրուկ տատանումներ չի առաջացնում։ Ինչը նշանակում է, որ շաքարային դիաբետ և ավելորդ քաշ ունեցող մարդիկ կարող են օգտագործել այն՝ առանց առողջությանը վնասելու։
Այսօր այս էկզոտիկ միրգը վաճառվում է ինչպես թարմ, այնպես էլ պահածոյացված վիճակում, ինչպես նաև չորացրած՝ մրգային չիփսերի և չրերի տեսքով։ Բայց այս բազմազան տարբերակների ամբողջ օգտակարությունը հենց թարմ պտուղների մեջ է խտացված։ Իսկ տրոպիկական մրգի սիրահարները պետք է հիշեն, որ հասած անանասը 4-5 անգամ ավելի շատ օգտակար հատկություններ ունի, քան չհասածը։
Ամրացնում է դիմադրողականությունը
Անանասը հզորագույն իմունամոդուլյատոր է, ինչը հատկապես պետքական է ցուրտ եղանակին։ Այն այնքան հարուստ է վիտամին С-ով, որ այդ վիտամինի օրական չափաբաժինը ստանալու համար բավական է օրը երկու շերտիկ անանաս ուտել։ Ի դեպ, հակաբորբոքային ազդեցության շնորհիվ խորհուրդ է տրվում ձմռանը շաբաթը գոնե մեկ թարմ անանաս ուտել։
Սրտի և անոթների համար
Այս պտուղը շատ օգտակար է բարձր ճնշման և սրտի հիվանդությունների դեպքում, քանի որ մաքրում և ամրացնում է անոթները, պայքարում այտուցների դեմ։ Դրա պարբերական օգտագործումը մաքրում է այունը խոլեստերինից և կարգավորում հեմոգլոբինը։ Բացի այդ, անանասը հիանալի կանխարգելիչ միջոց է ուռուցքային հիվանդությունների դեմ։
Հանգստացնում է նյարդային համակարգը
Անանասի հերթական առավելությունն այն է, որ դրա օգտագործումն օգնում է բարձրացնել տրամադրությունը, հաղթահարել դեպրեսիան և հանգստացնել նյարդային համակարգը։ Անանասը ամինաթթվային տրիպտոֆանի հիանալի աղբյուր է, որը հանգստացնող ազդեցություն ունի։
Ո՞ւմ կարող է վնասել անանասը
Մրգային թթուների մեծ քանակի պատճառով անանասը հակացուցված է գաստրիտ, բարձր թթվայնություն և ստամոքսի խոց ունեցող մարդկանց։ Անանասը սննդակարգից պետք է բացառեն նաև հղի կանայք, քանի որ այն կարող վիժման հանգեցնել։
Անանաս օգտագործելիս ցանկալի է չգերազանցել օրական չափաբաժինը, քանի որ այն կարող է բերանի լորձաթաղանթի բորբոքում առաջացնել և հանգեցնել փոքրիկ խոցերի։ Չարժե անանաս ուտել, եթե հակված եք ալերգիաների։ Մինչև 6 տարեկան երեխաներին միրգը կարելի է տալ խիստ սահմանափակ քանակով, քանի որ այն կարող է աղիքների լորձաթաղանթի բորբոքում առաջացնել։
Այս էկզոտիկ մրգին պետք է զգուշորեն վերաբերվեն նաև ատամների էմալի և լնդերի խնդիրներ ունեցող մարդիկ՝ դրա բարձր թթվայնության պատճառով։