Բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման ձախողված ծրագրի մասին MediaHub-ը բարձրաձայնելու բազմաթիվ առիթներ է ունեցել։ Մեր զրուցակիցները պատմել են, որ կառավարությունը հաշվի չի առել արցախցիների կարծիքներն ու պահանջը, այլ մշակել է մի ծրագիր, որը չի բխում տեղահանվածների շահերից։ 

«Այսինքն, Հայաստանի վարչապետը իմ երկիրը ճանաչել է Ադրբեջանի մաս, մեզ վերցրել Հայաստանի պաշտպանության տակ, մեզ փախստականի պիտակ կպցրել, և հիմա ամեն ինչ անում են, որ Հայաստանից էլ արտագաղթենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է արցախցի Մարգարիտ Ոսկանյանը։ 

Բնակապահովման ծրագրից օգտվելու համար Մարգարիտի ընտանիքը դիմել է կառավարությանը, որպեսզի մինչև 2024 թվականի տարեվերջ դառնա շահառու, օգտվի եկամտահարկի հետվերադարձի հնարավորությունից։ 

 

«Սկզբից ամեն բան ընթանում էր իր հունով, սակայն հետո պարզվեց, որ կառավարության հետ աշխատում է ընդամենը 5 բանկ, որոնք էլ իրենց հերթին ձգձգում են գործընթացը, որպեսզի չօգտվենք տոկոսադրույքի գումարների հետ վերադարձից»,- ասաց մեր զրուցակիցը:

Մարգարիտը կասկած չունի, որ հայկական 5 բանկերը գործում են կառավարության հրահանգով և կատարում են իրենց պահանջները։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է մոտ 2 տասնյակ ընտանիք, որոնք բնակվում են Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

Հունան Թադևոսյան