Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց վաղ ախտորոշումը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, մինչդեռ շատ հաճախ մարդիկ չեն նկատում հիվանդության մասին նախազգուշացնող ախտանշանները, ինչի հետևանքով էլ այն չափազանց ուշ է հայտնաբերվում։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին միջոցներ ձեռնարկել հիվանդության զարգացումը կանխելու համար, քանի որ շատ հաճախ դրա զարգացմանն են նպաստում մարդկանց սովորությունները, այդ թվում նաև սննդային սովորություններն ու նախասիրությունները:

Ռուս հանրահայտ բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» («Россия 1») հեռուստաալիքի եթերում ներկայացրել է այն մթերքը, որի չարաշահումը կարող է դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ: Խոսքը կարմիր մսի մասին է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ամբողջ օրգանիզմի վրա:

Բժշկի խոսքով՝ սննդակարգում այնպիսի ուտեստների գործոծությունը, ինչպիսին են խորոված կամ տապակած միսը, պետք է խիստ սահմանափակ լինի, քանի որ կարող է հանգեցնել առողջական շատ լուրջ խնդիրների:

«Աղիների քաղցկեղը ավանդաբար կապվում է մսի հետ: Մենք գիտենք, որ այսօր միսը, գուցե, այդքան «մեղավոր» չէ աթերոսկլերոզի զարգացման համար, սակայն այն շարունակում է մնալ աղիների քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոն», — բացատրել է Մյասնիկովը՝ ընդգծելով, որ կարմիր միսը կարող է ներառվել սննդակարգում, սակայն միայն սահմանափակ քանակությամբ և շաբաթական 2-3 անգամից ոչ հաճախ:

Բժիշկը նաև գնահատել է բուսակերների համար նախատեսված «երշիկների» և «նրբերշիկների» օգտակարությունը՝ նշելով, որ դրանք սովորաբար խիստ տհաճ համ են ունենում և որպես կանոն անարդյունավետ են լինում: Բացի այդ, նա նաև հավելել է, որ իրական բուսակերը երբեք չի սնվի որևէ մթերքով, որն արտաքնապես նման է մսամթերքին: