Հարավային Կորեայի Չուն Անգ համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական մինչև երեք չափաբաժին կիմչի ուտելը կարող է նվազեցնել որովայնի ճարպի քանակը՝ պոտենցիալ նվազեցնելով շաքարախտի առաջացման վտանգը: Հետազոտության արդյունքները, ըստ shantnews-ի՝ հրապարակվել են BMJ (British Medical Journal) Open ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 40-69 տարեկան 115 726 մարդ: Գիտնականները տեղեկություններ են հավաքել մասնակիցների առողջական վիճակի մասին և գնահատել նրանց հասակը և քաշը՝ գիրություն հայտնաբերելու համար:

Հետազոտողները պարզել են նաև, թե արդյոք կամավորները տառապում են որովայնի գիրությամբ, որը սահմանվում է որպես տղամարդկանց մոտ 90 սանտիմետրից ավելի գոտկատեղի, իսկ կանանց մոտ՝ 85 սանտիմետրից ավելի:

Այնուհետ գիտնականները կամավորներին խնդրել են տեղեկատվություն տրամադրել իրենց ուտելու սովորությունների մասին:

Գիտնականները հաշվարկել են, որ տղամարդկանց շրջանում այս ուտեստի օրական մինչև երեք չափաբաժին օգտագործելը կապված է ճարպակալման ավելի ցածր մակադարակի հետ: Բացի դրանից, կաղամբի կիմչին կարողացել է 10%-ով նվազեցնել գոտկատեղի շրջագծի վտանգավոր աճի ռիսկը: Սպիտակ բողկի կիմչի օգտագործած տղամարդիկ և կանայք համապատասխանաբար 8%-ով և 11%-ով ավելի քիչ են ունեցել որովայնի ճարպակալում:

Նշվում է, որ ճարպային հյուսվածքի զգալի քանակությունը կարող է նվազեցնել բջջային զգայունությունը գլյուկոզայի քայքայման համար պատասխանատու ամենակարեւոր հորմոնի՝ ինսուլինի նկատմամբ: Սա զգալիորեն մեծացնում է շաքարախտի առաջացման վտանգը։