Սրտաբան Վլադիմիր Գլագոլևի խոսքով՝  միշտ չէ, որ սրտամկանի ինֆարկտն ուղեկցվում է ցավով, և դեպքերի մոտ 30 տոկոսի ժամանակ կարող է կրծքավանդակում որևէ զգացողություն չլինել:

«Ավելին, հայտնի են դեպքեր, երբ ինֆարկտով հիվանդները դժգոհել են ձեռքի, պարանոցի, ատամների, որովայնի, ականջի կամ գոտկատեղի ցավից»,- ասել է Գլագոլևը:

Սրտաբանը պարզաբանել է, որ կրծքավանդակի ցավը միշտ չէ, որ կապված է հնարավոր ինֆարկտի հետ, այն կարող է առաջանալ ողնաշարի, կերակրափողի, աորտայի, պլեվրայի և թոքերի հիվանդությունների հետևանքով: Հետևաբար, բժիշկը խորհուրդ է տալիս նման դեպքերում անհանգստության պատճառը պարզաբանելու համար դիմել բժշկի:

«Եթե մենք խոսում ենք սրտամկանի ինֆարկտի մասին, ապա կան մի շարք տարբերակիչ նշաններ, որոնք անհրաժեշտ է իմանալ: Սրտամկանի ինֆարկտի ժամանակ կրծքավանդակի ցավերը կարող են ուղեկցվել շնչարգելությամբ, սառը քրտինքով, երբեմն մահվան վախի զգացումով, և հնարավոր է նույնիսկ գիտակցության կորստով»,- բացատրել է Գլագոլևը:

Ինֆարկտի վտանգը նվազեցնելու համար սրտաբանը խորհուրդ է տվել հետևել առողջ ապրելակերպին, թողնել ծխելը, վերահսկել զարկերակային ճնշումը, արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը և անցնել կանխարգելիչ հետազոտություններ: