Մինչև հիմա խփում են հրթիռներով․ հենց նոր օդանավակայանի կողքը խփեցին, իրար խփում են, թե ինչ պիտի կատարվի՝ հայտնի չի, անորոշ վիճակի մեջ ենք, բոլորս սպասում ենք, տեսնենք ինչ կլինի: «Հրապարակի» հետ զրույցում Լիբանանում տիրող իրավիճակի մասին ասաց Բեյրութում բնակվող Հարութ Միսիրեանը։

Նա նշեց, որ պայթյունների հիմնական շրջաններում հայեր չեն բնակվում և վիրավորների կամ զոհերի շրջանում ազգությամբ հայեր, բարեբախտաբար, չկան:

 

Լիբանանի հարավից մարդիկ հեռանում են մի մասը դեպի Բեյրութ, մի մասը դեպի Սիրիա, իսկ մի մասն էլ՝ Իրաք՝ տեղեկացրեց Միսիրեանը:

Սայիդ Հասան Նասրալլայի մահվան մասին երկու օր է, ինչ խոսում էին, սակայն «Հեզբոլլահի» առաջնորդի մահվան մասին պաշտոնապես հայտարարվեց միայն այսօր:

«Ոչինչ հայտնի չի, թե ինչ պիտի կատարվի։ Բոլորը շատ վատ բանի են սպասում»,-ասաց Միսիրեանը:

Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից Լիբանանի հարավի հրետակոծության հետևանքով կան հազարավոր զոհեր, իսկ այսօր Հեզբոլլահը պաշտոնապես հայտարարեց կառույցի լեգենդար ղեկավար Նասրալլայի ու Հեզբոլլահի վերնախավից առանցքային ևս տասը գործիչների զոհվելու մասին: Նշվում է, որ Հեզբոլլահի ռազմական վենախավը զոհվել  է կարևոր ժողովի ժամանակ, սպանվել է նաև Նասրալայի դուստրը: