Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման շուրջ 20 դեպք է գրանցել, մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց անասնաբուժական գիտությունների թեկնածու Սերգեյ Չախմախչյանը։

Արևմտյան Նեղոսի տենդը սուր տրամսմիսիոն վիրուսային հիվանդություն է, որի տարածման ուղին մոծակներն են։ Վարակի տարածման պատճառներից է գլոբալ տաքացումը, երկրից երկիր տեղափոխվող վարակված թռչունները, որոնցից էլ մոծակը վիրուսը վերցնում ու փոխանցում է մարդուն:

«Վարակման դեպքերը հիմնականում գրանցվել են Արարատի մարզում, մի քանի դեպք` Արագածոտնի մարզում։ Դեռ փորձում են պարզել, թե Հայաստանում ինչ տեսակի մոծակներն են առավել տարածում հիվանդությունը»,–ասաց Չախմախչյանը։

Նրա խոսքով` հիվանդությունը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ Մինչև 85 % դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխավացի, ցանավորման տեսքով։

Նա մարդկանց հորդորում է խուսափել ճահճուտ, խոնավ տեղերից կամ օգտվել այնպիսի հագուստից, որը կծածկի մաշկի բաց հատվածները։ Տան պատուհաններին պետք է տեղադրել հատուկ ցանցեր, օգտվել էլեկտրական սարքերից, որոնք վանում են մոծակներին կամ օգտվել միջատասխան սարքերից։