Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վիրավորներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների անձնական օգտագործման ավտոմեքենաներով:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Դիլիջանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: