Հարցում․ Ո՞վ կհաղթի Եվրո 2024 թվականի ֆուտբոլի առաջնությունը ՝ Իսպանիա, թե Անգլիա:
Հանրահայտ WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Եվրո-2024-ի եզրափակիչի մասնակիցներ Իսպանիայի և Անգլիայի ազգային հավաքականների լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ. Ունայ Սիմոն (Իսպանիա):
Պաշտպաններ. Մարկ Կուկուրելյա, Այմերիկ Լապորտ (երկուսն էլ՝ Իսպանիա), Ջոն Սթոունզ (Անգլիա):
Կիսապաշտպաններ. Դանի Օլմո, Ֆաբիան Ռուիս (երկուսն էլ՝ Իսպանիա), Ջուդ Բելինգեմ, Բուկայո Սակա (երկուսն էլ՝ Անգլիա):
Հարձակվողներ. Լամին Յամալ, Նիկո Ուիլյամս (երկուսն էլ՝ Իսպանիա), Հարի Քեյն (Անգլիա):
Իսպանիա - Անգլիա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 14-ին Բեռլինի Օլիմպիական ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Այս հավաքականները մինչև այժմ մրցել են 27 անգամ, 13 հաղթանակ ունի Անգլիան, 10-ը՝ Իսպանիան, չորս հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի: Անգլիացիներն այդ խաղերում խփել են 45 գոլ, իսպանացիները՝ 32:
Իսպանիան և Անգլիան նախորդ անգամ մրցել են 2018 թվականի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում: Այդ ժամանակ Անգլիան արտագնա խաղում հաղթել է 3-2 հաշվով, իսկ տանը պարտվել 1-2:
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ում անցկացրած 6 խաղերում հաղթել է, 5-ը՝ հիմնական ժամանակում, մեկը՝ լրացուցիչ: Անգլիացիները խմբային փուլում մեկ հաղթանակ են տարել, երկու ոչ-ոքի գրանցել, 1/8 եզրափակիչում սլովակների նկատմամբ առավելության են հասել լրացուցիչ ժամանակում (2-1), քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով են հաղթել Շվեյցարիային (1-1, 11մ՝ 5-3), իսկ կիսաեզրափակիչում 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթանակ են կորզել Նիդերլանդներից՝ 2-1:
Իսպանացիները երեք անգամ են հաղթել Եվրոպայի առաջնություններում (1964, 2008, 2012), Անգլիան Եվրոյում տիտղոս չունի: