ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:


Այս մասին հայտնել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Վերջինս նաև տեղեկացրել է, որ առաջադրված մեղադրանքը Քերոբյանը չի ընդունում:

Քիչ առաջ հայտնել էինք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններիցս մեկը:

Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ էր ձերբակալվել, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակից։

Քննչական կոմիտեն նշել էր՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։