Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել։

Նա Ֆեյսբուքի էջում ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ իր պաշտոնավարման ժամանակահատվածից՝ առանց նշելու հրաժարականի պատճառը։


 

«2020թ համեմատ 2023թ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։

 Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86-րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են 91 մլրդ դրամի` 2024թ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առեւտրաշրջանառությունը։
 

 

Երբ 2020թ նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին»,- գրել է Վահան Քերոբյանը։