Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշը ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում փլատակների տակ, պարզելու համար արդյո՞ք քաղաքացիներ կան, թե՞ ոչ:

Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի։