Երեկ «Իրավունք»-ը գրել էր. «Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ընտանյոք հանդերձ Երևանի կենտրոնում գտնվող «Դառգետ» ռեստորանում նշել է կնոջ` Աննա Հակոբյանի տարեդարձը:
     Հարակից սեղաններից մեկում նստած է եղել քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Հակոբ Պերպէրեանը:
    

Նա սկսել է բղավել. «Արցա՜խ, Արցա՜խ, Արցա՛խ…»:
     Տեղի ունեցածից անմիջապես հետո` Փաշինյանները հապշտապ հեռացել են «Դառգետ»-ից: Իսկ Հ. Պերպէրեանին ազատել են աշխատանքից: Նա աշխատում էր նույն օբյեկտում»։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Հակոբ Պերպէրեանը մանրամասնել էր. ««Դառգետում» եմ աշխատում, աշխատանքային ժամն ավարտվել էր, մնացել էի այնտեղ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն դուրս էր գալիս, բարձրաձայն գոռացի մի քանի անգամ՝ Արցախ, Արցախ։
     Հետո Նիկոլը երկար նայեց ինձ, որից հետո տնօրենը կանչեց ասաց՝ հեռացված ես աշխատանքից»։
     Պերպէրեանի խոսքով՝ այնտեղ են եղել Փաշինյանը, նրա կինը, երեխաները, և Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանը:

Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձը «հարամած» Հակոբ Պերպէրեանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է. «Սխալմունք է տեղի ունեցել, ես իրականում շարունակում եմ աշխատել «Դառգետ»-ում: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ինձ աջակցում են»։

Panorama.am-ի հետ զրույցում էլ Պերպէրեանը բացատրել է՝ սկզբում իրեն հայտնել են, որ ազատված է աշխատանքից, հետո պարզվել է, որ տնօրինությունը տեղյակ չէ այդ որոշումից։

«Հետո տեղեկացել են, ինձ գործի կանչեցին։ Այդքան բան։ Այսօր ես իմ ժամին գնալու եմ աշխատանքի»,- ասել է նա։