Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 46 տարեկան։
Աննա Հակոբյան (փետրվարի 1, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր[1], «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, «Էրատո» ջոկատի հրամանատար։
Կրթություն
1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ[5]։ 2001 թվականին ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում[6]։
Լրագրողական գործունեություն
2003-2008 թվականներին աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող[6]։ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները[7], իսկ 2013 թվականից՝ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը[6]։
Թավշյա հեղափոխություն, 2018
Աննա Հակոբյանը, որպես լրագրող և հասարակական գործիչ, իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երկրում տեղի ունեցող տարբեր իրադարձություններին։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ Աննա Հակոբյանն աջակցել է ամուսնուն, ինչպես Գյումրի քաղաքից սկսված «Իմ քայլը» շարժմանը ընթացքում, այնպես էլ մայրաքաղաքում կազմակերպված հանրահավաքների ժամանակ[8][9][10]։
«Իմ քայլը» և «Ժպիտների Քաղաք» հիմնադրամների ղեկավար
2018 թվականին Աննա Հակոբյանը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջին տիկին հիմնել է «Իմ քայլը» և «Ժպիտների Քաղաք» («City of smile») բարեգործական հիմնադրամները[11][12]։
«Իմ քայլը» հիմնադրամ
«Իմ քայլը» հիմնադրամի նպատակն է ստեղծել հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող այն խնդիրներին, որոնց լուծումները դեռ հասանելի չեն պետության և կառավարության համար[6][13]։
«Ժպիտների Քաղաք» հիմնադրամ
«Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի նպատակն է օգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև նպաստել Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը[6][14]։