Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության հայտարարության համաձայն՝ երկրի հարավում երկրաշարժ է գրանցվել:
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները մասնավորապես տեղի են ունեցել Քահրամանմարաշ նահանգի Էլբիսթանի շրջանում:
Ուժգնությունը կազմել է 3.7 մագնիտուդ:
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Երկրաշարժ (անգլերեն՝ earthquake) ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Ճապոնական առասպելի համաձայն, ճապոնական կղզիները տեղակայված են մեծ լոքո ձկան մեջքին, և ձկան շարժումներից Երկիրը ցնցվում է։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներն ասում էին, որ Երկիրն իր վրա կրում է հսկայական կրիան և ամեն անգամ ցնցվում է, երբ կրիան անցնում է մեկ ոտքից մյուսի վրա։ Երկրաշարժերը հաճախ դիտվել են որպես զայրացած Աստծո պատիժ՝ ի պատասխան մարդկանց մեղքերի։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.
Բնական երկրաշարժեր
Տեխնածին երկրաշարժեր
Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։
Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.
Կանխատեսելի երկրաշարժեր
Անկանխատեսելի երկրաշարժեր
Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։
Երկրաշարժի առաջացում
Երկրաշարժի առաջացում
18–րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության, որ Երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում առաձգական ալիքների շարժման արդյունքում։
Ներկայումս առավել ընդունված տեսակետներից մեկի համաձայն երկրաշարժերը տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը։
Երկրաշարժը հաջորդում է լեռնային ապարների փոխադարձ սահքին։ Սկզբում դա արգելակվում է շփման ուժի միջոցով, որի հետևանքով, կուտակվում են բնահողերի առաձգական լարումներ։ Երբ լարումը հասնում է շփման ուժից մեծ կրիտիկական արժեքի, տեղի է ունենում բնահողերի կտրուկ խզվածք՝ նրանց տեղաշարժով։ Կուտակված էներգիան ազատվում է, առաջացնելով երկրի մակերևույթի ալիքային տատանումներ՝ երկրաշարժ։
Խզվածքը, էպիկենտրոնը և հիպոկենտրոնը։
Երկրաշարժից առաջացած սեյսմիկ ալիքները տարածվում են ձայնային ալիքների նման։ Հեռավորությունից կախված, ալիքների ուժգնությունը նվազում է։
Ալիքների առաջացման կետին ասում են երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն, իսկ երկրի մակերևույթի նրա վերևի կետին՝ էպիկենտրոն։
Սեյսմիկ ալիքների տարածման արագությունը կարող է հասնել մինչև 8 կմ/վրկ։