Հունվարի 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի , 31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Բուք, ձնախառը քամի ներքնոլորտի երկրամերձ շերտում։ Հիմնականում առաջանում է ուժեղ քամու, բացասական ջերմաստիճանի (մինչև -10 °C) և չոր, փուխր, նաև տեղացող ձյան պայմաններում։ Տարբերում են գետնահուպ (ձյան տեղափոխումն ընթանում է անմիջապես ձնածածկույթի վրա՝ մինչև 1,5-2 մ բարձր, շերտում), ներքնաբուք (ձյան տեղափոխումն ընթանում է 2-3 մ բարձրության շերտում) և ընդհանուր (քամին ձյունը բարձրացնում է բավական վեր, որն էլ ուղեկցվում է տեղացող ձյան հետ) բուքեր։
ՀՀ տարածքում հաճախ են գետնամերձ և ընդհանուր բուքերը. առաջանում են հոկտեմբեր-ապրիլին, հատկապես երբ իրար են մոտենում ցիկլոնային ու անտիցիկլոնային ճակատները։ Ըստ բարձրության և բաց տեղանքում ավելանում է բուքով օրերի թիվը։ Հաճախ, պայմանավորված տեղանքի բնական պայմաններով, այդ օրինաչափությունը խախտվում է։ Բուքեր առաջանում են հիմնականում Սևանի ավազանում (ավելի քան 50 օր), լեռնանցքներում (առավելապես՝ Սիսիանի, Սևանի, 84 օր), Արագածում (122 օր), անտառածածկ Լոռու, Տավուշի մարզերում (անհամեմատ քիչ՝ 2-7 օր)։ Բուքից փակվում են ճանապարհները, լեռնանցքները, խախտվում է տրանսպորտի երթևեկությունը, ցրտահարվում են գյուղատնտեսական բույսերը (բացվում են աշնանացան ցանքերը)։ Ձնակուտակումներից պաշտպանվելու համար ճանապարհների եզրերին դրվում են պաշտպան, վահաններ, առանձին տեղերում տնկում անտառաշերտեր։