Հունվարի 16-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 16 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ և կայանված Lexus և Jeep մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։

Այս պահին ոստիկանները սպասում են, մինչև ժամանի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ կրակոցները արձակվել են Lexus-ի ուղղությամբ, որի մեջ քաղաքացի է եղել ու բարեբախտաբար նա չի տուժել, այնուհետև կրակոցներից Lexus-ը վնասվել է և Lexus-ի կողքին կայանված Jeep-ը։

Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի հանձնարարականով Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզում են Lexus-ի և Jeep-ի սեփականատերերի ինքնությունը։