Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքյան 5 Ա հասցեում գործող «Քարտեզ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչոության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի ննջարանի անկողնում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի:
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը, ում ինքնությունը պարզվում է, ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ ռուս: