Այսօր՝ հունվարի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան Սարի թաղի 3-րդ փողոցում՝ թիվ 22 տան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին, առաջ ընթացել, բախվել բնակչի ցանկապատին ու կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածին ու վարորդին առաջինը օգնության են հասել թիվ 22 տան բնակիչները, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի և Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել թիվ 3-րդ ՀՓՋ-ի փրկարարներն ու քաղաքացիները, ապա պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: