25-35 տարեկան 100 կանանց շրջանում հարցում ենք իրականացրել՝ պարզելու, թե նրանք ինչ հարց կուղղեին գինեկոլոգին: Հարցվածների 26%-ին հետաքրքրել են սեռական օրգանների հիվանդությունները, 18%-ին՝ հղիության պլանավորումը եւ ընթացքը, 14%-ին՝ սեռական կյանքը, 11%-ին՝ դաշտանային ցիկլը, 8%-ին՝ բեղմնականխման տարբերակները, 7%-ին՝ հետծննդաբերական շրջանը, մնացած 14%-ը հետաքրքրվել են հարակից թեմաներով։
Հարցման մասնակիցների միայն 20%-ն է նշել, որ դիմում է գինեկոլոգին տարեկան 1-2 անգամ՝ կանխարգելիչ նպատակով, իսկ 80%-ը՝ գանգատներ ունենալու դեպքում։ Մեր ստացած տասնյակ հարցերից ընտրել ենք 13 ամենահետաքրքիր ու հաճախ կրկնվողները եւ ուղղել դրանք գինեկոլոգ Աննա Խաչիկյանին։
- Լազերային մազահեռացման միջոցները որեւէ կերպ կարո՞ղ են բացասաբար ազդել կնոջ սեռական օրգանների առողջության վրա։
- Լազերային միջամտությունների բացասական ազդեցությունը կարող է լինել հիպերպիգմենտացիան (մաշկի գույնի մգացում), որը հատկապես կապված է հորմոնալ փոփոխությունների հետ, օրինակ՝ հղիություն, կերակրման շրջան եւ այլն: Այլ դեպքերում լազերային մազահեռացման միջոցները չեն վնասում, քանի որ լազերի խորությունը բավական քիչ է եւ չի կարող ազդեցություն ունենալ մեր օրգան-համակարգերի վրա: Սակայն լազերային մազահեռացումը պետք է բացառել բորբոքային խնդիրների, մաշկային հիվանդությունների եւ առհասարակ իմունոսուպրեսիվ՝ ընկճված իմունիտետի կամ իմունանբավարարության վիճակի դեպքում: Հակացուցում են նաեւ սրտանոթային հիվանդությունները, որոնց բուժման համար օգտագործվում է արյան խտությունը կարգավորող դեղորայք:
- Ե՞րբ կարող եմ պլանավորել հղիություն կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո:
- Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո հղիություն կարելի է պլանավորել նախ կախված պատվաստանյութից եւ դրա թողած հետեւանքներից, ինչպես նաեւ հետպատվաստումային շրջանի ընթացքից։ Եթե դաշտանային երկու ցիկլից հետո չունենք կլինիկական ոչ մի դրսեւորում, չկան գանգատներ, կարելի է պլանավորել հղիություն։
- Արդյո՞ք սեռի պլանավորումը 100%-ով ճիշտ է։
- Սեռի պլանավորում իրականացնելը 100%-ով անհնար է: Դա հնարավոր է միայն արտամարմնային բեղմնավորման դիմելու պարագայում: Առհասարակ հաշվարկներ իրականացնելը, օվուլյացիային հետեւելը եւ այլն չեն կարող տալ ցանկալի արդյունք, քանի որ սեռը որոշվում է բեղմնավորման պահին: Ընդ որում, սեռը որոշողը, կարելի է ասել, տղամարդն է, քանի որ կինը կարող է տրամադրել միայն X քրոմոսոմ, իսկ դրան կփոխանցվի X թե Y քրոմոսոմ, կախված է տղամարդու տրամադրած քրոմոսոմային կազմից:
- 33 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ 12 տարեկան մեկ տղա: Անցել է 12 տարի, չեմ հղիանում։ Հերպես կոչվող հիվանդությունն ունեմ։ Դա կարո՞ղ է պատճառ լինել։
- Հերպեսն անպտղության պատճառ չէ, սակայն հարցում ներկայացվածը երկրորդային անպտղություն է, հետեւապես պետք է պարզել պատճառը: Ունենք արական եւ իգական պատճառներ: Տղամարդկանց դեպքում անպտղությունը կապվում է սերմնահեղուկի որակի եւ քանակի հետ: Կանանց անպտղության պատճառներից են օվուլյացիայի բացակայությունը, լորձաթաղանթի հաստության անբավարարությունը, հորմոնալ խնդիրները, փողերի անանցանելիությունը: Պետք է պարզել, թե այս դեպքում ինչ խնդիր կա՝ հերքելով կամ հաստատելով հնարավոր պատճառները, եւ ընտրել բուժման համապատասխան պլան:
Անպտղության թեմայով ավելին կարող եք կարդալ այստեղ։
- Եթե առկա է արգանդի հետին պատի միոմա, վիրահատության կարիք կա՞։
- Միայն միոմայի առկայությունն այն հեռացնելու պատճառ չէ։ Եթե միոման 3սմ-ից ավելի է, այդ դեպքում կարելի է մտածել վիրահատության մասին։ Իսկ եթե այդ չափից փոքր է եւ ճնշում չի գործադրում հարակից օրգան-համակարգերի վրա, չի առաջացնում ցավային գրգիռներ, արյունահոսություն, կարելի է այն դինամիկ հսկողության տակ պահել։ Հակառակ պարագայում ՝ այսինքն, երբ միոման չափերով մեծ է, ցավի պատճառ է դառնում, խոչընդոտում է հնարավոր հղիությանը կամ էլ բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա, ապա կատարվում է հեռացում։
- Մեկուկես տարի է՝ ամուսնացած եմ, ունեմ 8 ամսական բալիկ։ Հարաբերության ժամանակ հաճույք չեմ զգում: Շատերն ասում են՝ դա նորմալ է, պետք չէ շտապել դիմել համապատասխան բժշկի։ Նշեմ, որ կեսարյան հատմամբ եմ ունեցել բալիկիս։ Արդյո՞ք արժե անհանգստանալ։
- Եթե 8 ամսական երեխային կրծքով կերակրում եք, ապա հավանական է, որ սեռական ցանկությունն ավելի ցածր կլինի. սա անմիջականորեն կապված է լակտացիայի շրջանում հորմոնալ փոփոխությունների հետ։ Եթե՝ ոչ, ապա կարելի է ժամանակ տալ, որպեսզի վերականգնվեք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։ Իսկ եթե նշված գանգատները շարունակվեն երկար ժամանակ՝ մեկ տարի եւ ավելի, անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը եւ պարզել պատճառը։ Եթե խնդիրը հոգեսոմատիկ բնույթի է, ապա կօգնեն սեքսոլոգը եւ հոգեբանը, եթե խնդիրն օրգանական է, օրինակ՝ հորմոնալ շեղումներ կան, կարելի է նախ գինեկոլոգի դիմել։ Նմանատիպ գանգատների պատճառ կարող է լինել նաեւ լորձաթաղանթի զգայունության անկումը, որի դեպքում կարելի է դիմել որոշակի միջամտությունների, օրինակ՝ լազերային, եւ վերականգնել զգայունությունը։
Հետծննդաբերական շրջանում սեռական կյանքի մասին ավելին կարդացեք այստեղ։
- Արդյո՞ք մետաղներից ալերգիա ունեցող կինը կարող է ՆԱՊ տեղադրել:
- Պետք է նախ պարզել, թե որ մետաղից է ալերգիան։ Եթե դա վերաբերում է պղնձին, որը հիմնականում ներարգանդային պարույրի վրա առկա մետաղն է, այս դեպքում ՆԱՊ-ի տեղադրումը հակացուցված է։ Եթե ոչ, ապա կարելի է տեղադրել։ Ունենք ՆԱՊ-ի տարբեր տեսակներ՝ հորմոնալ եւ ոչ հորմոնալ, որոնց դեպքում եւս որոշակի հակացուցումներ կան։ Հորմոնալի դեպքում դրանք են՝ հորմոնալ դիսբալանսը, միոմատոզ հանգույցների առկայությունն արգանդի խոռոչում, որոնք դեֆորմացնում են խոռոչը (սա հակացուցում է թե՛ հորմոնալ, թե՛ ոչ հորմոնալ ՆԱՊ-ի տեղադրման համար), բորբոքային գործընթացները, հղիությունը, ինչպես նաեւ շատ քիչ, բայց լինում են դեպքեր, երբ կնոջ օրգանիզմը չի ընդունում ՆԱՊ-ը եւ հետագայում դուրս է մղում արգանդի խոռոչից։
- Սեռական օրգաններից խիտ արտադրությունը հում ձկան ծանր սպեցիֆիկ հոտով, որը լինում է լորձանման, կաթնաշոռի տեսքով կամ խիտ դեղնավուն տեսքով, ինչի՞ նշան կարող է լինել եւ ինչպե՞ս ազատվել դրանից:
- Հոտով արտադրությունը, հատկապես նշված դեպքում, մի քանի տարբերակում է լինում՝ այն բնորոշ է բակտերիալ վագինոզին, ինչպես նաեւ կարող է դիտվել որոշ ինֆեկցիաների ժամանակ։ Պետք է անցնել հետազոտություն՝ այդ թվում ստուգելով սեռավարակների առկայությունը կամ բացակայությունը։ Կախված ախտորոշումից՝ բժիշկը կնշանակի համապատասխան բուժում եւ նշված գանգատները կվերանան։
- 30+ տարիքում հղիություն պլանավորելիս ինչպիսի՞ հետազոտություններ պետք է անցնել առողջ բալիկ ունենալու համար։
- Այդ տարիքի համար եւս գրեթե նույն հետազոտություններն են, ինչ այլ տարիքային խմբում։ Այսինքն՝ պետք է անցնել փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա, հնարավոր բոլոր վարակների եւ վիրուսների առկայությունը հաստատող կամ բացառող հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում ստանալ բուժում, ինչպես նաեւ հիվանդը նշում է իր ունեցած գանգատները, անցած վիրահատությունները, ստացած բուժումները։ Եթե կան այլ խնդիրներ, բուժումը վարվում է ըստ նշված գանգատի։
- Կողմնակի ի՞նչ ազդեցություններ կարող են ունենալ հակաբեղմնավորիչները։ Արդյո՞ք հակաբեղմնավորիչների երկարատեւ օգտագործումը դժվարացնում է հղիությունը կամ կարող է առաջացնել դաշտանային ցիկլի խախտում։
- Հակաբեղմնավորիչները լինում են տարբեր տեսակի։ Դրանք ընտրելու համար անպայման պետք է դիմել բժշկի, որպեսզի չվնասեք ինքներդ ձեզ։ Հակաբեղմնվորիչների երկարատեւ օգտագործումը չի խրախուսվում, քանի որ կարող է ադրադառնալ ձվարանային ֆունկցիայի վրա։ Հետագայում անպտղության պատճառ չեն դառնում։ Սակայն կան դեպքեր, երբ օրալ հակաբեղմնավորիչների կիրառումն իրականացնում ենք երկար ժամանակով, օրինակ՝ պոլիսկիստոզի դեպքում, երբ ցիկլն անկանոն է եւ խնդիրներ կան ձվազատման հետ։ Այս դեպքում հակաբեղմնավորիչները նշանակվում են բուժական էֆեկտ ստանալու համար։ Դրանց ընդհատումից հետո սովորաբար մի քանի ամսվա ընթացքում ցիկլը կանոնավորվում է, իսկ եթե 3-6 ամիս անց չի կարգավորվել, պետք է դիմել մասնագետի։
- Ամուսնուս մոտ կտրուկ պակասում է սերմնահեղուկում սերմի քանակը, որակն էլ է վատացել։ Հնարավո՞ր է նյարդային վիճակից կամ շաքարային դիաբետի հետեւանքով լինի: Ինձ մոտ հաճախ վիժում է լինում, դա կարո՞ղ է սերմի որակով պայմանավորված լինել։ Կարո՞ղ ենք անել էկո, թե՞ հույս չունենանք արդյունքի։ Ես արդեն 35 տարեկան եմ։
- Սերմնահեղուկի որակը կախված է մի շարք պայմաններից։ Շաքարային դիաբետը կարող է իր ազդեցությունը թողնել սերմի որակի, քանակի, շարժունակության վրա։ Բայց դրանից բացի, կարող են լինել այլ խնդիրներ, որոնք պետք է հաստատել կամ բացառել։ Եթե դիաբետի դեպքում այցելուն ստանում է համապատասխան բուժում, եւ միեւնույն է՝ հղիանալու կամ հաջող ընթացքի հետ կապված խնդիր կա, պետք է դիմել անդրոլոգի եւ ռեպրադուկտոլոգի, գուցե անհրաժեշտ է արհեստական սերմնավորում։ Մյուս տարբերակը՝ ԱՄԲ իրականացնելն է։ Սերմի որակը կարող է դառնալ վիժման պատճառ՝ ելնելով այն հանգամանքից, որ ստացված էմբրիոնի որակը կարող է տուժել դրա պատճառով։
- Որո՞նք են հիգիենայի կանոնները սեռական հարաբերությունից առաջ, ընթացքում եւ հետո։ Հատկապես եթե հարաբերությունը ներառում է նաեւ օրալ, անալ տարբերակները։
- Օրալ եւ անալ հարաբերության դեպքում լավագույն միջոցը պահպանակների օգտագործումն է՝ հնարավոր վարակներից խուսափելու համար։ Պետք է հետեւել նաեւ հիգիենայի մյուս կանոններին՝ մասնավորապես լողանալ, լավ լվալ ինտիմ հատվածները հարաբերությունից թե՛ առաջ, թե՛ հետո։
- 34 տարեկան եմ, 2 անգամ կեսարյան հատումով երեխա եմ ունեցել: Հիմա ուզում եմ նորից հղիանալ, սակայն ունեմ էնդոմետրիումի ավելորդ աճ։ Հետազոտող բժիշկը սկզբում առաջարկեց կատարել լապորոսկոպիա եւ հիստերոսկոպիա միաժամանակ: Բայց հետո ասաց՝ հղիանամ, կփորձեն պահպանել պտուղը: Որքանո՞վ է հավանական նման դեպքում հղիանալը եւ առողջ երեխա ունենալը:
- Նման դեպքում ե՛ւ հղիությունը, ե՛ւ հետագա առողջ ընթացքը հնարավոր է։ Սակայն չարժե ռիսկի դիմել։ Խորհուրդ կտայի անցնել լապորոսկոպիա եւ անհրաժեշտության դեպքում կհեռացնեի եղած խնդիրները, որից հետո նոր կպլանավորեի հղիություն։