Հունվարի 5-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 56-ամյա Նաիրի Խաչատրյանից, ով հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում Սևանի զինկոմիսարիատ է այցելել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը և իր աշխատասենյակում խուլիգանություն է կատարել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, զինկոմիսարիատ են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում Ն․ Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ Հ․ Սարգսյանը 2021 թվականին մասնակցել է եռամսյա վարժական հավաքներին, ապա եկել է զինկոմիսարիատ ու պահանջել է իր անունով կցված գնդացիրը հանձնեն իրեն։
Մերժում ստանալուց հետո նա ջարդել է աշխատասենյակի գրասեղանը, համակարգչի մոնիտորը ապա հարձակվել Ն․ Խաչատրյանի վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչները ու մինչ նրանք զինկոմիսարիատում քննչական գործողություններ էին կատարում Սևանի ոստիկանները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզում են՝ որտեղ է գտնվում Հուսիկ Ս․-ն և նրան Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերում և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրան ենթարկում են անձնական խուզարկության և հայտնաբերում են թղթի մեջ լցված ընդհանուր 4․63 գրամ քաշով կանաչ գույնի բուսական զանգված և 1 հատ կաթոցիչ։Նա ոստիկաններին հայտնում է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ինքն է ցանել և աճեցրել իր առանձնատան բակում, իր անձնական օգտագործման համար է։
Հ․ Սարգսյանը ոստիկանության Սևանի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին։