Մահացել է շվեյցարացի համակարգչային գիտնական Նիկլաուս Վիրտը։ Նա 89 տարեկան էր։ Նիկլաուս Վիրտը ստեղծել է ծրագրավորման Pascal, Euler, Modula-2, Oberon լեզուները: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ Ցյուրիխում, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։

Նա 1982-1999 թվականներին որոշ ընդհատումներով աշխատել է Շվեյցարիայի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտում (ETHZ)։ Հունվարի 4-ին դպրոցի կայքում հրապարակվել է մահախոսական։ Այնտեղ թվարկված են գիտնականի հիմնական ձեռքբերումները և ասվում է, որ նա մահացել է հունվարի 1-ին՝ իր տանը՝ ընտանիքի շրջապատում։

Նիկլաուս Վիրտը ծնվել է 1934 թվականի փետրվարի 15-ին՝ Շվեյցարիայում։ 1984 թվականին նա ստացել է Թյուրինգի՝ համակարգչային գիտության ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր մրցանակը։ Աշխատել է Սթենֆորդի համալսարանում, Ցյուրիխի համալսարանում և ETHZ-ում: 1970-ականներին նա մշակել է Ada ներդրված համակարգերի ծրագրավորման լեզուն Պենտագոնի համար:

Նրա ծրագրավորման լեզուները պարզ են և արդյունավետ: Pascal-ը, որը նա մշակել է, որոշ ժամանակ եղել է ամենաշատ օգտագործվող կոմերցիոն ծրագրավորման լեզուն։ «Իմ ամբողջ կյանքում ես նպատակ եմ հետապնդել զարգացնել լեզուն, որը հնարավորինս հզոր է, բայց, միևնույն ժամանակ, հնարավորինս պարզ», - ասել է Նիկլաուս Վիրտը Oberon-ի մասին:

Նիկլաուս Վիրտը հայտնի է նաև Xerox PARC լաբորատորիայում իր աշխատանքով, որը ստեղծել է համակարգչային մկնիկներ, պատուհանների միջերեսներ և լայն տարածում գտած այլ մշակումներ։

2007 թվականին Նիկլաուս Վիրտին շնորհվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում։