Հայաստանի թատերական գործիչների միությունից տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը։

Հայաստանի թատերական գործիչների միությունը խորին ցավակցություններ է հայտնում Ռուբեն Մարուխյանի հարազատներին և գործընկերներին։

Ռուբեն Մարուխյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։ 1960-1970 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ։ Աշխատել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Երևանի պ ետական տիկնիկային թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր է, 1974 թվականից դասավանդում է հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա։Ռուբեն Մարուխյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ Հեղինակ է ավելի քան 25 գրքի։ Մարուխյանի ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, գերմաներեն։

1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Հանդիսանում է նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ։ Արժանացել է պարգևների և կոչումների արվեստի և մշակույթի բնագավառում։

Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ, վիպակներ, որոնց մի մասը թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով։ 2020-2021 թվականների տպագրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուի երկրորդ և չորրորդ հատորներում։