Հունվարի 1-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի հանգամանքները։Այդ օրը ժամը 03։55-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Գոհար Բ․-ին գլխի մասում անզգուշաբար հրազենային վիրավորում է պատճառել Երևանի բնակիչ 44-ամյա Արմեն Հ․-ն։
Գոհար Բ․-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր։
Ոստիկանները հայտնաբերել են Արմեն Հ․-ին, ով փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է, որ ինքն է կրակել ու անզգուշությամբ Գոհար Բ․-ին պատճառել վնասվածք, այլև հայտնել է, որ կրակոցը արձակել է իրեն պատկանող «վինչեստր» տիպի ողորկափող որսորդական հրացանով։
Արմեն Հ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ կրակողն ու վիրավորը ամուսիններ են։