Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Կարեն Սարգսյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ տեղահանվել է Գանձասարից։

Խոսելով շրջափակման շուրջ ինը ամիսների մասին՝ նշեց, որ շատ վատ են անցկացրել։

«Քրոջս երեխայի ձեռքը կոտրվել էր, խնդրել ենք, մի կերպ 10 լիտր բենզին ենք ճարել, որ երեխային հասցնենք հիվանդանոց։ Շատ վատ է եղել ամեն ինչը։ Բռնած ալյուրի տեսանկյունից, հացի, ձեթի, միայն մի խմելու ջուր կար։ Լույս չկար, գազ չկար։ Ուտելիք ընդհանրապես չկար։ Մեծ ու փոքր վիտամինից զրկված էինք»,-նշեց նա։

Iravaban.net զրուցակիցն ընդգծում է, որ իրենք այդքան պայքարել են, որ չլքեն Արցախը։

«Էլի դիամդրեցինք, պայքարեցինք, ասացինք՝ չէ, մենք պետք է ապրենք մեր հողում։ Ես ինքս մասնակցել եմ այդ ամեն ինչին, 5-6 օր շրջափակման մեջ եմ եղել։ Սեպտեմբերի 25-ին եմ դուրս եկել։ Չգիտեի ընտանիքս ուր է, ոչ ոքից տեղյակ չէի։ Գյուղը ռմբակոծում էին, երեխաներ զոհվեցին։ Եկա Ստեփանակերտ, մի քիչ կապը ավելի լավ էր, մի քանի անգամ զանգեցի, գտա ընտանիքիս։ Ոտքով գնացել, հասել եմ իրենց։ Ասացին, որ պետք է լքենք Արցախը»,-նշեց նա։

Կարենն ասում է, որ ինքը դիրքերում է եղել, երբ թշնամին սեպտեմբերի 19-ին սկսեց ռմբակոծել Արցախը։

 
«Միանգամից սկսվեց ու լայնամասշտաբ։ Ամբողջ տարածքով սկսվեց։ 3-4 վայրկյանի ընթացքում համատարած սկսվեց այդ ամեն ինչը։ Ռազմական ինքնաթիռով խփում էին, մենակ թե ջնջեին մեզ։ Սա պատերազմ չէր, սա ցեղասպանություն էր։ Սրան չես կարող ուրիշ մեկնաբանություն տալ, սա մեր աչքով տեսած ցեղասպանություն էր։ Մենք էլ ցեղասպանությունից մի կերպ փրկված ժողովուրդ ենք։ Ընկերներիս մորթել են, ես գնացել եմ իրենց հուղարկավորությանը։ Երեխա, մեծ, կին կապ չունի, բոլորին դանակահարել են։ Մարդկանց ականջներն են կտրել, գլուխներն են կտրել։ Շատ վատ բաներ ենք տեսել»,-պատմում է մեր զրուցակիցը։

Հարցին, թե ինչպե՞ս են իրենց ասել, որ պետք է վայր դնեն զենքերը և լքեն իրենց դիրքերը, Կարենն ասում է, որ իրենց ռուս խաղապահներն են ասել այդ մասին։

«Մեզ ռուսներն են եկել, հանել, ռուսներն ադրբեջանցիների հետ։ Մութ էր, չիմացանք ինչ կոչում ունեին։ Եկան՝ բա պիտի հանձնվեք, բոլորը հանձնվել են, դուք վերջին մարդն եք, զգուշացնում ենք՝ սադրանքների չգնալ, մեկ է պետք է հանձնվեք, Արցախը զինաթափված է, զենք-զինամթերքն էլ հանձնում եք, այստեղից կտանեն Հայաստան։ Դե ինչ անեինք, նախագահն արդեն համաձայնել էր զինաթափմանը, մենք էլ շրջափակման մեջ։ Մենք էլ մտածում էինք՝ եթե չզինաթափվենք, բա որ մեր երեխաներին խփեն։ Մեկն ասում էր՝ չեք հասնի, եթե զենքերը չհանձնեք, դեպի գյուղը մի քանի դիրք էին իրենք արդեն դրել։ Ասում էին՝ չեք կարող իջնել, կխփեն ձեզ։ Բերեցին զինաթափեցին մեզ ու անձամբ իրենք՝ ռուսը թուրքի հետ։ Մեզ ասացին, զենքը հանձնում եք ռուսներին, ռուսները կհանձնեն Հայաստանին»,-նշում է մեր զրուցակիցը։

Կարենը պատմում է, որ Հակարիի կամուրջն անցնելիս, իրենց կանգնեցրել են և նկարել․ «Շատ դժվարություններով եկել ենք, հասել։ Իջեցրեցին մեքենայից, հարցրեցին, թե քանի կին կա, քանի երեխա»։

Նա պատմում է իրենց և ադրբեջանցիների միջև եղած խոսակցությունը, երբ թշնամին իրենց ասել է, որ արցախցիներն իրենց պետք չեն, պետք են Արցախն ու Արցախի ներկա ու նախկին իշխանության անդամները։

«Ասում էին՝ Ղարաբաղն է մեզ պետք, դուք մեզ պետք չեք։ Իրենց հետ անհնար է ապրել, նույնիսկ մեկ ժամ։ Ես երբեք չեմ ընդունի իրենց առաջարկած ինտեգրման պայմանները։ Ինտեգրումը մեզ համար ընդունելի չէ։ Մեզ համար ընդունելին այն կլինի, որ մեր երկիրը նորից մեր դրոշով, մեր Հայաստանի դրոշով, Արցախի դրոշով գնանք, ապրենք մեր հողի մեջ»,-ասաց նա։

Կարեն Սարգսյանն իր հետ վերցրել է մի բուռ հող։

 

Մանրամասները տեսանյութում ՝