Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում, ուստի այս հիվանդության կանխարգելման միջոցներն իմանալը շատ կարևոր է։ Այս հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս վարել առողջ կենսակերպ ու ճիշտ սնվել, քանի որ դրա զարգացմանը նպաստող հիմնական գործոնների շարքին են դասվում անառողջ սննդակարգն ու սխալ կենսակերպը։
Սակայն շատ քչերին է հայտնի, որ գոյություն ունեն որոշակի վիրուսներ, որոնք ևս կարող են բարձրացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի ուռուցքաբան Վլադիմիր Գուրցևիչը նշել է՝ որ վիրուսներն են բարձրացնում քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Մասնագետի խոսքով՝ որոշ ախտածին տարրեր կարող են չափազանց վտանգավոր լինել ու անգամ մահվան հանգեցնել։
Ընդ որում՝ մարդը կարող է երկար տարիներ ապրել ու վիրուսակիր լինել՝ չկասկածելով անգամ չարորակ գործընթացների բարձր հավանականության մասին։ Ինչպես բացատրում է մասնագետը՝ վիրուսներով պայմանավորված օնկոլոգիական բոլոր հիվանդություններն ունեն մեկ ընդհանրություն․ վիրուսով վարակվելու և քաղցկեղին բնորոշ ախտանշանների ի հայտ գալու միջև կարող է անցնել 3,5-ից մինչ 20 տարի, ուստի մարդիկ հազվադեպ են դրանք կապում վիրուսների հետ։
Բժշկի խոսքով՝ քաղցկեղի զարգացման պատճառ կարող են դառնալ, օրինակ, հեպատիտ B-ի և հեպատիտ C-ի վիրուսները, որոնք նպաստում են լյարդի քաղցկեղի զարգացմանը, իսկ մարդու պապիլոմավիրուսը կարող է հանգեցնել արգանդի վզիկի, ինչպես նաև բերանի խոռոչի ու կոկորդի քաղցկեղի զարգացման։
Մասնագետը նախազգուշացնում է, որ T–լիմֆոխթան վիրուսը երբեմն դառնում է լեյկոզի պատճառ, Էպշտեյն-Բարրի վիրուսը կապված է օնկոլոգիական մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև քիթըմպանի քաղցկեղի հետ, իսկ ութերորդ տիպի հերպեսը կարող է դառնալ Կապոշիի սարկոմայի զարգացման պատճառ։
Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ այս վիրուսների առկայությունը ոչ միշտ է հանգեցնում քաղցկեղի զարգացման, քանի որ այս հիվանդության զարգացման համար որոշակի նախապայմաններ են հարկավոր։ Օրգանիզմում նման վիրուսների առկայության դեպքում խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն, այնուամենայնիվ, առավել ուշադիր լինելը թույլ կտա հետագայում խուսափել լուրջ խնդիրների զարգացումից։