Մոսկվան հուսով է, որ հայ ժողովուրդը իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, ոչ թե «նրանց, որ ժամանում են օվկիանոսի այն կողմից»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի արդյունքներն ամփոփելիս:
«Մենք կայուն համոզմունք ունենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է ՌԴ և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին` այս տարածաշրջանի երկրների հետ, ոչ թե նրանց, որ ժամանում են օվկիանոսի այն կողմից»,- ասել է նա:
ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է ԼՂ-ում խաղաղապահների թվին, նշել` այն որոշվում է` ելնելով տեղում տիրող իրավիճակից. նրանք օգնում են ԼՂ-ի և Բաքվի միջև երկխոսության հարթմանը:
«Մեր խաղաղապահներն այժմ օժանդակում են ադրբեջանական պաշտոնատար անձանց և ղարաբաղյան ներկայացուցիչների միջև շփումներին: Մեր խաղաղապահները կարևոր դերակատարում ունեն վստահության ամրապնդման գործում, որպեսզի ղարաբաղցիները, հատկապես` սկզբնական շրջանում, իրենց ապահով զգան»,- ասել է Լավրովը: