Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակում մրցակցի հարկի տակ հանդիպում է Թուրքիայի հավաքականի հետ։Հանդիպման 6-րդ րոպեին Արտակ Դաշյանը հեռահար հարված կատարեց, որից հետո մրցակցի դարպասապահը գնդակը դուրս բերեց անկյունային։ Իսկ 14-րդ րոպեին մրցակից թիմի հարձակվող Յիլմասը դուրս եկավ նպաստավոր դիրք, սակայն Չանչարևիչը շատ վստահ խաղաց այդ դրվագում։
23-րդ րոպեին նույն Յիլմասը ևս մեկ անգամ հայտնվեց նպաստավոր դիրքում, բայց նրա հարվածն այս անգամ բարձր ստացվեց։ Քիչ անց նորից փայլեց Չանչարևիչը` վստահ գործելով մրցակցի հեռահար հարվածից հետո։
31-րդ րոպեին արդեն վտանգավոր գրոհ կազմակերպեցին մեր ֆուտբոլիստները, բայց Սպերցյանի հարվածից հետո Թուրքիայի հավաքականի դարպասապահը տեղում էր։ Խաղակեսի ավարտին մոտ Բիչախչյանը խաղադաշտի կենտրոնից փորձեց գնդակն ուղարկել մրցակցի դարպասը՝ նկատելով, որ Գյունոկը բավականին առաջ էր եկել իր դարպասից․ բայց Վահանի հարվածից հետո գնդակը չհայտնվեց ցանցում։ Քիչ անց Վահանը ևս մեկ շատ վտանգավոր հարված կատարեց, բայց այս անգամ էլ նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց։
Խաղակեսի մնացած ժամանակահատվածում թիմերից ոչ մեկը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը և մրցավար Օրսատոյի՝ խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչից հետո լուսատախտակին զրոներ են։