Օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հագուստները պատառոտված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ տուժածը Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Լևոն Ղազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Եղեգիս գյուղի անտառտնտեսության տարածքից: Աղբյուրի տեղեկություններով՝ Լ. Ղազարյանը Եղեգիս գյուղի անտառտնտեսության տարածքում այծերին արածեցնելուց է եղել, երբ արջը հարձակվել է այծերի վրա և նա փորձել է արջից այծերին փրկել, սակայն արջը, որը հավանաբար քոթոթ է եղել, պատառոտել է նրա շորերը, նա մի կերպ փրկվել է ու տեղափոխվել հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: