Գալյա Քրիստափորի Նովենց (ի ծնե Գալինա Նովենց, հուլիսի 1, 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2012, Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (2007)։
Հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի կինն է, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի մայրը։
Կենսագրություն
1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958-1961 թվականներին՝ Կապանի, 1971-1977 թվականներին` Գյումրիի, 1977-1983 թվականներին` Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թվականներին և 1983-1993 թվականներին` Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից` Համազգային թատրոնների դերասանուհի[2]։ 1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
2007 թվականին արժանացել էր ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ հաջորդ տարի՝ «Հատուկ մրցանակի»՝ «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ։ Ստացել է ՀՀ Պետական մրցանակ, իսկ հայ եկեղեցու կողմից՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ։
Գալյա Նովենցի դերակատարումներին բնորոշ են վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը։
Գալյա Նովենցը միակ հայ դերասանուհին է, որին հաջողվեց նվաճել Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը կնոջ լավագույն դերակատարման համար, որն ազգային կինոյի մեծ ձեռքբերումն ու հպարտությունն է: Բայց նա դերասանուհի է, որն ունի շատ ավելին՝ մարդկանց չխամրող հիշողությունն ու երախտագիտությունը՝ էկրանին ու բեմին նվիրումի համար: