Դժվարին պայմաններում են հայտնվել նաև Արցախի բազմանդամ ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխաներ և դժվարությամբ են կարողանում ապահովել նրանց՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքով։
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում է բնակվում Ռիմա Ավագյանը՝ 4 անչափահաս երեխաների հետ, ամենափոքրը 2 ամսական է, մեծը շուտով կդառնա 13 տարեկան։
Ռիմա Ավագյանը պատմեց, որ նորածին դստերը կերակրում է կաթնախառնուրդով, մեկ կաթնախառնուրդը գրեթե մեկ շաբաթ օգտագործում է։
«4 հատ է մնացել, չգիտեմ՝ որքան կտամ ու ինչպես անեմ, որ երկար ուտի։ Ունեմ նաև տակդիրի խնդիր, մեկ բլոկը 13-15 հազար դրամ է։ Իմ ամենամեծ խնդիրը փոքրիկիս պահելն է, որովհետև չկան հիգիենայի պարագաներ՝ սկսած օճառից՝ մինչև մանկական շամպուն։ Առհասարակ եկամուտ չունենք, հազիվ հասցնում ենք կոմունալ վճարումներ իրականացնել»,- նշեց Ռիմա Ավագյանը։
Ինչ վերաբերում է մյուս երեք երեխաների սննդին, երիտասարդ մայրիկն ասաց, որ փորձում է նրանց ամեն օր կերակրել այն մթերքներով, որոնք հողամասում մշակում է։ Այս ամենից զատ, նրա միակ ցանկությունը խաղաղությունն է, իրական խաղաղությունը։
«Ես միայն մեկ ցանկություն ունեմ, խաղաղություն լինի ու նախկինի նման ճանապարհները բացվեն, ապրանք ստանան, տանեն-բերեն, ինչպես առաջ է եղել։ Մեր երեխաները ոչ մի բանի կարիք չունենան, սոված ու ծարավ չմնան։ Աշխարհը շատ է լուռ, այս հարցին պիտի լուծում տան, ուրիշ տարբերակ չկա։ Երեխա են, ամեն օր քաղցր են ուզում, չենք կարողանում առնել։ Մանկապարտեզ են գնում, հարցնում ենք երեխաներին՝ ի՞նչ եք ուտում, պատասխանում են՝ սուպ և ձմերուկ, բայց չէ՞ որ երեխաներին վիտամիններ են պետք՝ մրգեր։ Դե, այստեղ ծառերին քիչ թե շատ խնձոր կա, բայց կան անպիսի մրգեր, որոնք այս պահին մեր երեխաներին հասանելի չեն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, արցախցին միշտ էլ աշխատասեր է եղել, աշխատել ու իր արդար քրտինքով երեխաներին պահել է, տուն ստեղծել, բայց այսօր այդ հնարավորությունը չկա, որովհետև շրջափակման հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը, զրկվել եկամտից։
«Սոցիալական վիճակը բարդացել է և ոչ միայն՝ իմ, այլև հազարների, սա ես ամբողջ Արցախի անունից եմ ասում, մարդ կա, որ ուտելու որևէ բան չունի»,- եզրափակեց Ռիմա Ավագյանը։
Ռիմա Ավագյանին օգնելու համար կարող եք գումար փոխանցել նրա տրամադրած հաշվեհամարին, որը ներկայացնում ենք ստորև՝
9051 3502 0036 6068
Արցախբանկ