26-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿՈՂՄԻՑ «HUMMER» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է «Hummer» մակնիշի ավտոմեքենայի 26-ամյա վարորդի կողմից խուլիգանություն կատարելու, գույք վնասելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալու պարագայում, ոչ ս վարորդը ՝ մայթերում քշելու և խուլիգանություն կատարելու համարթափ վիճակում, տրանսպորտային միջոց վարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները:
Քննությամբ հիմնավորվել է, որ 26-ամյա երիտասարդը 2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց գործածելու արդյունքում գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, հոր անվամբ հաշվառված «Hummer» մակնիշի ավտոմեքենայով Երևանի փողոցներում կատարել է խուլիգանություն, որի ընթացքում վնասել է ինչպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, այնպես էլ՝ քաղաքացիական անձանց պատկանող ավտոմեքենաներ՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով վերջիններիս նկատմամբ գործադրել է բռնություն:
Բացի այդ, երիտասարդը, քննությամբ դեռևս չպարզված անձից և հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի՝ իր անձնական օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել խոշոր չափերի՝ 0,62 գրամ հաստատուն քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, ինչն էլ հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում կատարված անձնական խուզարկությամբ:
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ, խուզարկություններ, հարցաքննություններ, որոնց ընթացքում մեղադրյալը մատնացույց է արել այն վայրը, որտեղից վերցրել է «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութը։ Կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակության վայրից հայտնաբերվել և վերցվել է 2 օգտագործված ներարկիչ և 2 հատ օգտագործված ապակյա սրվակ։ «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ սրահից հայտնաբերվել և վերցվել է 1 օգտագործված ներարկիչ և 1 հատ ապակյա սրվակ, ինչպես նաև՝ 2 հատ օգտագործված ապակյա սրվակ։
Համաձայն ՀՀ ԱՆ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ երիտասարդի մոտ ինչպես իրավախախտումները կատարելիս, այնպես էլ՝ ներկայումս հայտնաբերվել և հայտնաբերվում է հոգեկան /ոչ փսիխոտիկ և վարքային խանգարումներ թմրանյութերի և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով, որը արտահայտված չէ այն աստիճանի և չի ուղեկցվում ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներով, մտավոր, հիշողության կոպիտ խանգարումներով, որ ինչպես իրավախախտումները կատարելիս, այնպես էլ՝ ներկայումս, զրկեր և զրկի նրան գիտակցել իր գործողությունների բնույթը, վտանգավորությունը, հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար և ղեկավարել դրանք:
Բացի այդ, ըստ փորձագիտական եզրակացության, իրավախախտումը կատարելիս երիտասարդը չի գտնվել նաև հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակում, որը կարող էր զրկել նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, այլ գտնվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներգործության տակ: Փորձաքննության եզրակացությամբ երիտասարդը ճանաչվել է մեղսունակ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 344-րդ հոդվածի 2-րդ մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղւարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: