Լրագրող Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Ի՞նչ են խոսել Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ․Մայիսի 14-ին ավելի քան 4 ժամ տևած եռակողմ բանակցությունից որոշ մանրամասներ ստացա սեփական աղբյուրներից, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը կրկին առաջ է քաշել Հայաստանի տարածքը 29,8 հազար քկմ սահմաններում Ադրբեջանի կողմից ճանաչելու անհրաժեշտությունը։
Փաշինյանը դա պատճառաբանել է նրանով, որ այդ խոստումը դեռևս 2021-ից իրեն տվել են նաև ԱՄՆ-ում՝ առաջարկելով Հայաստանի անվտանգությունն ապահովել ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգերով, որն սկզբում կլինի եվրոպացի դիտորդներով, ապա ռուսների հեռանալուց հետո՝ արդեն զինված ներկայությամբ։
Նիկոլ Փաշինյանի պահանջը պաշտպանել է ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելը՝ շեշտելով, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքը այդ մասշտաբով, ինչին Իլհամ Ալիևը պատասխանել է պատասխան պահանջով՝ Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքը 86,6 հազար քկմ սահմաններում՝ ներառյալ Արցախն ամբողջությամբ։ Նիկոլ Փաշինյանը անմիջապես դրական է արձագանքել Ալիևի այդ պահանջին։
Այսպես կոչված անկլավների թեմայով Իլհամ Ալիևն այս անգամ չի խոսել՝ առաջարկելով դա թողնել հաջորդ փուլին։
Փաշինյանը ժամանակ է խնդրել՝ հայ հանրության հետ սոցիալական ծրագրերի համատեքստում աշխատելու և մարդկանց պատրաստելու նոր իրողություններին, ինչին Ալիևը իր հերթին դրական է արձագանքել, սակայն պնդել է, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներով պետք է միջանցքի կարգավիճակ տրվի իրեն՝ Նախիջևանով Թուրքիային կապվելու համար։ Փաշինյանը խնդրել է «միջանցք» անվանում չտալ այդ պայմանավորվածությանը, որպեսզի ավելի հեշտ լինի համոզել հայ հանրությանը չընդվզել։
Արցախի ապագայի հարցով Փաշինյանը պնդել է, որ դա իր գործը չէ, և Հայաստանի կառավարությունը հրաժարվում է Արցախի ճակատագիրը որոշելուց՝ դա թողնելով Արցախցիներին ու ադրբեջանցիներին։ Ալիևը պահանջել է հրապարակային հայտարարել, որ Փաշինյանը ճանաչում է Արցախն ամբողջությամբ որպես Ադրբեջանի մաս։ Եղել է խոստում՝ պատրաստել հանրությանը աստիճանաբար, փափուկ անցում կատարել նոր իրողություններին, Արցախցիներին համոզել, որ համագործակցեն Ադրբեջանի հետ, որպեսզի հանձնումը սահուն լինի։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա 2 ամիսների ընթացքում ուժեղացնել հասարակական պահանջը ռուսական զորքի դուրսբերման համար՝ որպես տարածաշրջանային անվտանգությանը խանգարող գործոն։ Փաշինյանը խոստացել է ԵՄ-ի ներկայացուցչին, որ շուտով գործընթաց կսկսի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար։