ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել են անձից խարդախությամբ խոշոր գումար հափշտակելու, նրա առևանգման, ազատությունից ապօրինի զրկելու և շորթում կատարելու դեպքի էական հանգամանքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, 2023թ. ապրիլի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել մի խումբ անձանց կողմից իր և իր հոր նկատմամբ իրականացված մի շարք հանցագործությունների վերաբերյալ։

Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Որոշում է կայացվել` քննչական խումբ ստեղծելու մասին, հաղորդում տված երիտասարդը և նրա հայրը ճանաչվել են տուժող:

 

Իրականացվել են մեծածավալ վարութային և ապացուցողական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։ Միաժամանակ, հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին՝ օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ ձեռնարկելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ: Վարույթի շրջանակում առգրավվել և զննվել են սուպերմարկետի արտաքին և ներքին տեսանկարահանող սարքերի՝ դեպքին առնչվող տեսագրությունները, նշանակվել են փորձաքննություններ: