Այսօր՝ ապրիլի 28-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի) և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավորությամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտել են հանցագործությունը և հայտնաբերել Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքին, գրում է shamshyan-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 06։15-ի սահմաններում, Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 55-ամյա կինը ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ իրեն անհայտ անձը գաղտնի մտել է իր տուն իր հետ հայերեն խոսելով ասել, որ ինքը թուրք է։

Տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04։00-ի սահմաններում անծանոթ տղամարդը մտել է իր տուն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին և իրենից գողացել  1-ական ոսկյա և արծաթյա մատանի, 1 զույգ ոսկյա ականջօղ, ապա հայերեն ասել, որ ինքը հայ չէ, ադրբեջանցի է և որ կատարվածի մասին պետք է լռի ու աղմուկ չբարձրացնի, ապա դիմել է փախուստի։ 

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում, տաք հետքերով՝ նշված հանցագործություն կատարելու կասկածանքով հայտնաբերել ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արտյոմ Ղ․-ին։

Վերջինս փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է իր կողմից կատարված քստմնելի արարքը, այլև նրա մոտ հայտնաբերվել են տուժողից գողացված զարդերը։ Արտյոմ Ղ․-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։