Այս լուսավոր տղայի՝ Ռոբերտի մասին վերջին օրերին իսկապես չեմ կողմնորոշվում, թե ինչպե՞ս ներկայացնեմ նրա ողբերգական, միաժամանակ՝ հերոսական ոդիսականը,-հայտնում է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Խորապես համոզված եմ, որ մեր իրական տեսակը հենց Ռոբերտի՝ ընդամենը 18 տարի ապրած հայորդու տեսակն է։

Ռոբերտ Արմենի Գևորգյանը 2022թ․ հունիսի 27-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ՀՀ ՊՆ N զորամաս։

2022թ․ սեպտեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզում սանձազերծված մարտական գործողությունների հետևանքով, լինելով ընդամենը 2,5 ամսվա զինծառայող, ըստ էության, գտնվել է թիվ N մարտական դիրքում և ներգրավվել մարտական գործողությունների մեջ, այն դեպքում, երբ մինչև վեց ամսվա զինծառայող դառնալը, նա չէր կարող և նրան իրավունք չունեին ընդգրկել մարտական մարտական գործողությունների մեջ:

Բայց առավել ողբերգական ու հեոսական է նրա մահվան հանգամանքը։

Հասկանալի պատճառներով այս պահին չեմ կարող առավել մանրակրկիտ անդրադառնալ այս հարցին, սակայն հարկ եմ համարում արձանագրել, որ ստանալով հրազենային ծանր վնասվածքներ և գտնվելով, ըստ էության, շրջափակման մեջ, Ռոբերտն ինքն իրեն հրազենով մահացու կրակ է արձակել, որպեսզի գերի չընկնի…

Ներկայումս ՀՀ Հակակոռւպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և ընթանում է նախաքննություն։

Ռոբերտի ծնողների լիազոր ներկայացուցչն եմ։

Առաջիկայում հնարավորություն կլինի առավել մանրամասն անդրադառնալ այս քրեական վարույթին և դրա ընթացքին։

Խորապես համոզված եմ, որ քանի դեռ զինված ուժերում հանդուրժում ենք թեկուզ աննշան հանցանքներ ու զանցանքներ, քանի դեռ պատասխանատվության ինստիտուտը լիարժեք չի գործում զինված ուժերում, և քանի դեռ ամեն ոք իր արածի համար պատասխան չի տալիս, ցավոք սրտի, մենք ապահովագրված չենք լինելու նման ողբերգություններից․․․

Ինքներս մեր վարքագիծը խմբագրելու անհրաժեշտություն ունենք, ու մենք պետք է սթափվենք․․․

Պետք է անհանդուրժողական լինենք անպատժելիության, անպատասխանատվության, հանցավորության ու սանձարձակության նկատմամբ․․․

Մեր երկրում օրենքը պետք է գործի բոլորի համար, և հանցագործը պետք է պատժվի, անկախ նրանից թե ով է․․․

Խոնարհումս քո լուսավոր հիշատակի առաջ, հզո՛ր տղա․․․