2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։
ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր, մասնավորապես շուրջ 200 «Կանեփ» տեսակի բույս աճեցնելու, ինչպես նաև իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 277 գրամ քաշով մի քանի տասնյակ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի շրջանառության համար։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել բացակայելու արգելը։ Ավելի ուշ՝ օպերատիվ նոր տվյալների իրացման արդյունքում, նրա ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է տետրահիդրոկաննաբինոլ բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոց։
Ելնելով դրանից՝ մեղադրանքը լրացվել է, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանքի երկամսյա ժամկետը լրանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, որը, սակայն, դատարանի որոշմամբ, մերժվել է, և անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Դրանից հետո, պարզվել է, որ Մ. Պողոսյանը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել և վերցվել է 2023թ. ապրիլի 25-ին նրա անձնական խուզարկությամբ:
Քրեական վարույթով ձեռք բերված նոր տվյալների հիման վրա դատախազի որոշմամբ՝ նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել, ինչից հետո մեղադրանք առաջադրելու և դատարան ներկայացնելու նպատակով քննիչի կողմից Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել Մ. Պողոսյանին ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին։
Ոստիկանության ծառայողները, ի կատարումն քննիչի հանձնարարության, 2023թ. ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն են ուղեկցել Մ. Պողոսյանին։ Վարչության երրորդ հարկում, միջանցքում, ուղեկցող ոստիկանների հետ պաշտպանին սպասելու ընթացքում Մ. Պողոսյանը, նախնական տվյալներով փախուստի դիմելու նպատակով, հանկարծակի ցատկել է շենքի 3-րդ հարկի պատուհանի տակ գտնվող սեղանի վրա և պատուհանից ցած նետվել։ Արդյունքում ստացած վնասվածքներից վերջինս մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 506-րդ հոդվածի 1-ին մասի (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: