«Տիտանիկը» կործանվեց նավի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառով: Դրանում միշտ համոզված է եղել նավի փրկված ուղևորներից մեկը` գրականագետ, հրապարակախոս Վաղինակ Բյուրատը, հայտնի արևմտահայ գրող Սմբատ Բյուրատի (Սմբատ տեր-Ղազարյանցի) որդին: Վաղինակին վիճակված էր երկու անգամ «ծնվել»:

XX դարի ամենախոշոր աղետը` «Տիտանիկ» նավի խորտակումը, շուրջ 1,5 հազար մարդու կյանք խլեց, որոնց թվում կային նաև հայեր: Տարբեր տեղեկությունների համաձայն, չարաբաստիկ ուղևորության տոմս էր գնել 7-12 հայ: Նրանցից շատերը փախչում էին Արևմտյան Հայաստանից` փրկվելով թուրքերի ճնշումներից: Հաջողվեց փրկվել միայն 3-4 հայի, այդ թվում նաև գրականագետ, հրապարակախոս Վաղինակ Բյուրատին:

1912 թվականի ապրիլի 14 լույս 15-ի գիշերը Վաղինակը պայթյունի ձայն լսեց: Նավախցիկում լույսը մարեց, մահճակալի վերևի հարկում պառկածները ցած ընկան հատակին: Մեկը վնասեց ոտքը, մյուսը` ձեռքը:

«Վաղինակը հարցրեց ֆրանսիացուն. «Մորեն, ի՞նչ է պատահել», ի պատասխան վերջինս ասաց. «Դժբախտություն է: Կարծես թե մեզ վտանգ է սպառնում»: Երիտասարդներն օգնություն ցուցաբերեցին անգլիացիներին, արագ հագնվեցին և դուրս վազեցին տախտակամած»:

Անձնական իրերից Վաղինակը միայն անձնագիր և գումար վերցրեց, խուրջին սարքեց և կապեց այն վզից: Մորենը երկու փրկարարական օղակ հայթայթեց: Նրանք հարմար տեղ գտան և ցատկեցին ջուրը:

 

Վաղնիակին պարբերաբար ծածկում էին ալիքները, սակայն նա ուժ էր գտնում դուրս պրծնել օվկիանոսի անդունդից:

Վաղինակը չէր հիշում, թե ինչպես է փրկվել, իրավիճակը պարզաբանեց մի կին, որը եկավ նրան այցելության հիվանդանոց, որտեղ Վաղինակը մեկ ամսից ավել անցկացրեց:

1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեց, իսկ հետագայում սպանվեց հայ մտավորականության 600 ներկայացուցիչ, որոնց թվում նաև Սմբատ Բյուրատը: Վաղինակ Բյուրատին կրկին հաջողվեց փրկվել մահից: