ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ
Ապրիլի 24-ին, ժամը 15։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ին բախվել են «Nissan Latio» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1991 թ.) և «VAZ-21015» (վարորդ՝ Տ. Բ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևոր Վ. Ա.-ն (ծնված 2002 թ․) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ.-ն (ծնված 2002 թ․) տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը:
Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և Վ. Ա.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: