ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեում ներքին վերահսկողական գործիքակազմի անշեղ իրականացման արդյունքում քրեական մի վարույթի շրջանակներում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՔԿ-ում ինքնավար (քննիչի) պաշտոն զբաղեցնող անձն այցելել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող քննիչի աշխատասենյակ։ Հետաքրքրվելով վարույթի ընթացքով՝ նա վերջինիս խնդրել է իր կողմից մատնանշած անձի օգտին որոշակի գործողություններ կատարել։
Մասնավորապես՝ նա խնդրել է քննությամբ հերքել ավտովթարի ձևացում տեղի ունեցած լինելու վերաբերյալ ձեռք բերված տվյալները: Վարույթի նման ելքի՝ ավտովթարն իրականում տեղի ունեցած լինելու հանգամանքը հաստատվելու և քրեական վարույթը կարճվելու դեպքում նա խոստացել է իր ներկայացրած անձի կողմից ապահովագրական ընկերությունից որպես պատճառված վնասի փոխհատուցում ստանալուց հետո այդ դրամական միջոցներից որպես կաշառք տալ վարույթն իրականացնող քննիչին:
Նկատի ունենալով, որ վկայակոչված տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալու հանցավոր արարք կատարված լինելու մասին՝ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: