Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները ներկայացնելիս մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք Վաղարշապատի ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքին։ Թվարկվելիք դեպքերը վկայում են, որ մերժելի այդ երևույթի դեմ պայքարը անզիջում է։
Բաժնի պարեկապահակետային դասակի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում Գայ համայնքի սկզբնամասում ձերբակալել և բաժին են տեղափոխել 33 և 34 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Մեքենայի սրահի տեսանելի հատվածում կային կանեփանման բույսեր, իսկ ուղևորը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա՝ հայտնելով, որ թմրամիջոցն իրենն է:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Բացահայտված հաջորդ դեպքում իրավապահները ձերբակալել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի. նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգվածով փաթեթ։
Հաջորդ դեպքում ձերբակալված և բաժին տեղափոխված 31-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով փաթեթ և կաթուցիչ։
Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկաններն էլ ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, Ամբերդ գյուղի սկզբնամասում ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայով լցված փաթեթներ։
Ուժեղացված ծառայության ընթացքում ձերբակալված և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխված 37-ամյա տղամարդու մոտ ևս մարիխուանայով փաթեթ կար։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Իսկ ապօրինի թմրաշրջանառության դեմ իրավապահների հետևողական պայքարը շարունակվում է: