Պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս մասին ասաց Փաշինյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ պաշտոնական տեղեկատվություն են ստացել, որ պետական դավաճանության և մնացյալ այլ հոդվածներով 20 հանրային քրեական վարույթ է հարուցված: Նա հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետն այդ վարույթներով ներգրավվա՞ծ է, կամ հարցաքննվե՞լ է:

«Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ հարցաքննվեմ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հորդորեց ընդդիմությանը գալ նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և իրեն հարցաքննել: