Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանը 65 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում գոտեմարտեց ադրբեջանցի Ալի Ռադիմզադայի հետ եւ պարտության մատնեց 4:1 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

1/8 եզրափակիչում Վազգեն Թեւանյանը 10:0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին:

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ 79 կգ քաշային Արման Ավագյանը, որը1/8 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթանակի էր հասավ բուլղարացի Միխայիլ Իլեւ Գեորգեւի նկատմամբ:

Արման Ավագյանը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ռումինիան ներկայացնող Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ:

Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկած Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 5:8 հաշվով պարտվեց Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին: 70 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը մեկնարկային քառորդ եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց մոլդովացի Վասիլ Դիակոնին: 97 կգ քաշային կարգում Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակիչում 0:8 հաշվով պարտվեց գերմանացի Էրիկ Սվեն Թայլեին:

 

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականի կազմում ԵԱ-ին կմասնակցեն նաեւ Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), որոնք կմեկնարկեն ապրիլի 18-ից։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 19-ին: