Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ. Ս.-ն և Ս. Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Դատախազությունից հայտնում են, որ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ օպերլիազոր Վ. Ս.-ն զբաղվել է թմրամիջոցի ապօրինի իրացմամբ. իր մտերիմ Մ.Գ.-ի օժանդակությամբ Գ.Պ.-ին է փոխանցել 0.52 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Պարզվել է նաև, որ օպերլիազոր Վ. Ս.-ն, 2009 թվականից ծառայելով Ոստիկանության համակարգում, իսկ 2018 թվականից զբաղեցնելով Արարատի մարզային վարչության ավագ օպերլիազորի պաշտոնը, տեղյակ լինելով իր մտերիմ Մ.Գ.-ի կողմից պարբերաբար գողություններ կատարելու և դրա արդյունքում ձեռք բերված առարկաների իրացման մասին` միջոցներ չի ձեռնարկել հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և Մ.Գ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ ընտրվել է կալանք խափանման միջոցը. Վ.Ս.-ն ձերբակալվել և ներկայացվել է դատարան, սակայն Հակակոռուպցիոն դատարանը մերժել է կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, որի դեմ հսկող դատախազի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման բողոք:
2023 թվականի ապրիլի 10-ին Գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթը, որով մեղադրանք է ներկայացվել Ս.Ք.-ին՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), Վ.Ս.-ին` Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի իրացում), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Մեղադրանք է ներկայացվել նաև Մ.Գ.-ին՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելը):
Նույն օրը Գլխավոր դատախազությունում ստացվել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ դատախազի կողմից հատուկ վերանայման բողոքը բավարարելու և օպերլիազոր Վ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:
Վ. Ս.-ն ներկայացել է քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել:
2023 թվականի ապրիլի 13-ին դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: